Այնպես է ստացվել, որ ՔՊ-ական քաղաքապետերից հիմնականում ուշադրության կենտրոնում է գտնվում մայրաքաղաքի ղեկավար Հայկ Մարությանը, ում չկատարած խոստումներին բազմիցս առիթներ ենք ունեցել անդրադառնալ: Սակայն ՔՊ-ական մյուս քաղաքապետերն այս առումով ևս ոչ մի կերպ չեն ցանկանում հետ մնալ քաղաքամայր Երևանի կառավարչից և նույնպես մոռացության են մատնել սեփական նախընտրական խոստումները: Օրինակ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Վերջինս խոստանում էր քաղաքը մաքրել հանցավոր կլաններից, բարելավել էջմիածինցիների սոցիալական վիճակը, իսկ մի քանի ամիս անց հայտարարում էր, որ բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա. թերևս, բնակիչներն ամեն դեպքում թերացումներ գտել են և բնական է, որ պետք է բարդեն դա քաղաքի ղեկավար մարմնի կողմից՝ իր աշխատանքները թերի կատարելու վրա:
Այս ընթացքում եղան նաև դրվագներ, երբ քաղաքապետին մեղադրեցին ոչ կոմպետենտության մեջ: Մասնավորապես, քաղաքապետարանը 2019 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 20-ը մանկապարտեզներում հայտարարել էր արձակուրդ: Այսինքն, մոտ մեկ ամիս շարունակ աշխատող ծնողները ստիպված էին օրվա ընթացքում իրենք հոգալ երեխաների հոգսը: Իսկ թե ինչու է նման որոշում կայացվել` այդ մասին Դիանա Գասպարյանն ասել էր. «Հուլիսի 25-ից դարձյալ սաստիկ շոգ է սպասվում, մեր մանկապարտեզներից շատերն էլ, ցավոք, բավական անբարեկարգ վիճակում են, և նման պայմաններում երեխաների հաճախումը մանկապարտեզ կարող է վտանգավոր լինել նրանց առողջության համար»: Դրանից հետո շատերը մեղադրեցին քաղաքապետին՝ քաղաքի խնդիրները լուծելու փոխարեն, ձևական հոգատարություն դրսևորելու մեջ: Այս ընթացքում Էջմիածնում նաև ցույցեր կազմակերպվեցին քաղաքապետի դեմ, ինչը ինքը` Գրիգորյանը, համարեց բնականոն ու նորմալ գործընթաց:
Գրիգորյանը խոստանում էր նաև ներդրումներ ներգրավել Էջմիածին: Շուրջ երկու տարվա ընթացքում Դիաննա Գասպարյանը համայնքի ավագանու նիստեր է արել, մեկ անգամ հանդիպել է ԵՄ արդեն նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ, ընդ որում, ինչպես երևում է, անարդյունք, քաղաքի տոնին լավագույն մաղթանք գրողներին խորհրդանշական նվերներ է հանձնել, գրական հանդիպումներ է անցկացրել, և, թերևս, ամենաուրախալի և առարկայական լուրը Էջմիածինցիների համար՝ համայնքը ճանաչվել է 2018-ի մաքուր համայնք: Հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են ներդրումները:
Ինչո՞վ է փոխվել կյանքն Էջմիածին քաղաքում, տպավորություն է, որ այստեղ էլ ՔՊ-ական քաղաքապետը որևէ հեղափոխական նորարություն չի հաջողացրել իրագործել, ինչպես ասում են՝ Հայկ Մարությանը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ...