2018-ին երևանցիների 80 տոկոս քվեն ստացած Հայկ Մարությանը այսօր ավագանու նիստում ներկայացնում է մի փաստաթուղթ, որը, իրավամբ, կարելի է անվանել իր քաղաքապետության տապալման խորհրդանիշը: Խոսքը Երևանի՝ 2020 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվության մասին է, ավելի ճիշտ՝ այն մասին, թե ինչ չեն արել նախորդ տարում Մարությանը և իր թիմը: Սակայն, որպեսզի պատկերը առավել ամբողջական լինի գանք մի փոքր հեռվից՝ 2019 թվականի Երևանի բյուջեի կատարողականը արդեն իսկ մտածելու տեղիք էր տալիս և հարցականի տակ էր դնում Մարությանի՝ լավ կառավարչի ամպուլան:
2019 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 75.0 մլրդ դրամ: Եկամուտների հավաքագրման փաստացի կատարողականը ճշտված պլանի նկատմամբ (86.4 մլրդ դրամ) կազմել է 86.8%: Այլ կերպ ասած՝ եկամուտների հավաքագրումը ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել է 11.4 մլրդ դրամով կամ 13.2%-ով։ Երևանի 2019թ. բյուջեի հաստատված պլանով նախատեսվել էր 83.1 մլրդ դրամի եկամուտներ: 2019-ի փաստացի կատարողականը հաստատված պլանի նկատմամբ եկամուտների հավաքագրման մասով կազմել է 90.3%:: 2020 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 73,364,346.2 հազար դրամ՝ ծրագրված (84,941,605.9 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 63.5%: Հետընթացը, ինչպես տեսնում ենք, ակնհայտ է:
Իսկ ինչ պատկեր էր այս առումով Հայկ Մարությանի նախորդների մոտ: Դիցուք՝ անգամ ամենակարճ ժամանակահատվածը քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարյանը 2009-ից 2010 թվականներին ապահովել է տպավորիչ արդյունքներ՝ բյուջեի կատարողականի մասով: 2010 թվականին՝ բյուջեն եկամուտների գծով կսզմել է ' 72,045,700.4 հազ. դրամ նախատեսված 71.654.45 միլիարդի դիմաց, ծախսերի գծով' 68,845,700.4 հազ. դրամ: Բյուջեն Գագիկ Բեգլարյանի կառավարման մեկ տարվա ընթացքում գերակատարվել է բոլոր կետերով: 2010 թվականի. բյուջեն փաստացի արդյունքներով կատարվել է աննախադեպ՝ 8.3 մլրդ դրամ հավելուրդով, ճշտված պլանով նախատեսված 8.3 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն:
Նախահեղափոխական տարիներին, երբ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր Տարոն Մարգարյանը պատկերը հետևյալն էր: 2016-ի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 77.331.082.2 հազար դրամ՝ ծրագրված 75.704.536.0 հազար դրամի դիմաց, իսկ կատարողականը կազմել է 100.2 տոկոս: 2017 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 72,479,069.9 հազար դրամ, ծրագրված (ճշտված) 72,289,608.7 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 100.3%։ Ընդ որում' Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի վարչական մասով ծրագրված 72,276,808.7 հազար դրամ ընդամենը եկամուտների դիմաց փաստացի մուտքագրվել է 72,449,035.8 հազար դրամ՝ ապահովելով 100.2% կատարողական:
Տարբերությունը, ինչպես ասում են, երևում է նաև անզեն աչքով: Հայկ Մարությանը, ի տարբերություն իր նախորդների, պարզապես տապալել է Երևանի կառավարումը, իսկ 2020 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը, այն էլ ՝ իր նախորդների կատարած աշխատանքի ֆոնին՝ ասվածի վառ ապացույցն է: Միակ հարցը թերևս այն է, թե ով է, ի վերջո, պատասխան տալու՝ նման խայտառակ կառավարչական լուծումների համար, որոնք հանգեցրել են բյուջեի կատարողականի տապալմանը: