ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արգիշտի Քյարամյանն ազատվել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: Հիշեցնենք, որ երիտասարդ Քյարամյանը ՊՎԾ պետի պաշտոնակատար է նշանակվել, երբ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց ու նրա լիազորությունները կասեցվեցին: Հանրային պաշտոնավարումն ուղեկցվեց սկանդալով, քանի որ պարզվեց, որ 28 տարեկանում բավականին զգալի ունեցվածք է կուտակել՝ 32 միլիոն դրամ և 48 հազար ամերիկյան դոլար: 2019 թ. հուլիսին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հայտարարեց, որ վարույթ է հարուցել Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի նկատմամբ` հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար։
Ի դեպ, պետք է նշել, որ Դավիթ Սանասարյանի կառավարման շրջանում ՊՎԾ-ն աղմկահարույց բացահայտումների շարք էր սկսել, մեկը մյուսի հետևից ի հայտ էին գալիս խախտումներ, որոնց կենտրոնում թե՛ նախկին, թե՛ գործող պաշտոնյաներ էին: Սանասարյանի հեռանալուց հետո, սակայն, Քյարամյանը ստոպ տվեց սկսած բացահայտումները: ՊՎԾ հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում էր նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը: Դեռեւս մարտ ամսին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը, կանխազգալով դեպքերի զարգացող սցենարը, իր աշխատակազմին հրահանգել էր՝ արագ ավարտել հեմոդիալիզի սարքավորումների հետ կապված մութ պատմությունների ուսումնասիրությունները: Մարտի սկզբին նա ամբողջական փաթեթով հանդերձ եղել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ: Նկատելով, որ համապատասխան ցուցումներ չկան, ՊՎԾ բացահայտումները կառավարության ղեկավարի կողմից անարձագանք էին մնացել՝ հաջորդ քայլին Դավիթ Սանասարյանը դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Նույն թղթապանակը՝ հեմոդիալիզի բժշկական սարքավորումների ներկրման եւ պետության հետ մութ գործարքների բացահայտումներով հանդերձ, իր ինքնապաշտպանության համար նա հանձնել էր ՀՀ գլխավոր դատախազություն: Այդ ընթացքում էր, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից ՊՎԾ պաշտոնյաների նկատմամբ հայտնի քրեական գործում կտրուկ շրջադարձ եղավ և սլաքներն ուղղվեցին այլ պաշտոնատար անձանց ուղղությամբ: Այս դեպքերին զուգընթաց պրոցեսներ զարգացան, հանկարծ քրեական գործում ներգրավվեց նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ մեղադրյալի կարգավիճակով, պարզ դարձավ, որ այս թեման ենթաշերտեր ունի: Չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ հնչեղություն ստացած քրեական գործի նյութերում արծարծվում է նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունը: 600 մլն դրամի հասնող գործարքի մասին, որում ակնհայտ իրավական խախտումներով նախապատվություն է տրվել «F…» ընկերության կոնկրետ մոդելի ապրանքին, վարկած կա, որ տեղյակ է եղել նաեւ նախարար Արսեն Թորոսյանը: Ի՞նչ եղավ Քյարամյանի նշանակումից հետո՝ ոչինչ: Բացահայտումների կարևոր հանգամանքները մոռացվեցին:
Անցած 1 տարվա ընթացքում պետական կառավարման համակարգի մարմիններում, պետական հիմնարկներում եւ համայնքներում իրականացվել են շուրջ 100 վերահսկողական գործառույթներ (շուրջ երեք տասնյակ ուսումնասիրություններ, շուրջ 7 տասնյակ մշտադիտարկումներ), որոնց արդյունքում, դեռեւս նախնական տվյալներով, հայտնաբերվել են ավելի քան 19 մլրդ դրամի չափով տարբեր բնույթի խախտումներ, թերություններ, անհամապատասխանություններ, չարաշահումներ կամ ոչ արժանահավատ ծախսեր, ռիսկային գնահատված թվային ցուցանիշներ, չհաշվարկված պայմանագրային տույժեր եւ այլն։ Սակայն պետք է նշել, որ այդ բացահայտումների մեջ սենսացիոն տարրեր չկան, ավելին՝ ոչ բոլոր բացահայտումների դեպքերով է հարուցվել քրեական գործ: Չկան հայտնի անուններ, չկան բացահայտումներ՝ կապված գործող պաշտոնյաների հետ: Ավելին՝ շատ դեպքերում ՊՎԾ ստուգումները ընդհանրապես ոչինչ չեն տվել, ինչը շատ քիչ հավանական է՝ հաշվի առնելով կոռուպցիոն միջավայրը, որից Հայաստանի պետական համակարգը դեռևս չի ձերբազատվել: Ինչևէ, Քյարամյանի մեկ տարվա կառավարումը կարելի է համարել հաջողված՝ իշխանությունների տեսանկյունից, այն ինչի մասին հանրությունը չպետք է իմանար՝ չի իմացել և թերևս դրանով է պայմանավորված ազատումից անմիջապես հետո Քյարամյանին ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնին նշանակելը…