Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «ТАСС» լրատվական գործակալությանը:
ТАСС - Կցանկանայի Ձեզ հարցնել տնտեսական և հումանիտար խնդիրների մասին: Կա՞ն արդյոք գնահատականներ, թե ինչպիսի տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Եվ կա՞ արդյոք քանակական գնահատական զոհվածների, անհետ կորածների, փախստականների, տուժողների առումով՝ որքան մարդ է զոհվել, տուժել, անտուն մնացել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, մենք պարբերաբար հրապարակում ենք զոհվածների թիվը: Դժբախտաբար կամ բարեբախտաբար, եղել են դեպքեր, երբ պաշտոնապես հայտարարված է եղել, որ կոնկրետ անձը զոհվել է, բայց պարզվել է, որ նա ողջ է: Եվ հիմա շատ կարևոր է ճշգրիտ լինել այս հարցում: Մենք, իհարկե, չենք պատրաստվում ոչինչ թաքցնել, և մեր հասարակությունը, մեր քաղաքացիները կունենան լիարժեք տեղեկատվություն:
Ինչ վերաբերում է անհետ կորածներին: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մարդիկ համարվել են անհետ կորած, բայց հետո նրանց գտնվելու վայրը հայտնաբերվել է, նրանք վերադարձել են, և պարզվել է, որ որոշ հանգամանքների բերումով նրանք ուղղակի չեն կարողացել կապվել հարազատների, ընկերների կամ պաշտոնական կառույցների հետ: Այսինքն՝ հիմա ընթանում է այս բոլոր հարցերի հստակեցման գործընթաց: Իհարկե, շատ աշխատանք է կատարվում բոլոր անհետ կորածների հնարավոր գտնվելու վայրը հայտնաբերելու համար: Այժմ շատ կարևոր է, ինչպես արդեն ասացի, գերիների և կալանավորված անձանց փոխանակումը: Այս հարցերի շուրջ մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի կառավարության հետ, ես սերտ շփման մեջ եմ Ռուսաստանի նախագահի հետ, և Լեռնային Ղարաբաղում գտնվող խաղաղապահները նույնպես շատ ակտիվ մասնակցում են այս գործընթացին:
Ցանկանում եմ նշել, որ այս պահին ճիշտ չէ թվեր հրապարակելը, քանի որ դրանք 100 տոկոսանոց ճշգրիտ չեն լինի: Այսինքն՝ մեր քաղաքականությունը հետևյալն է. մենք հրապարակելու ենք թվերը, բայց նախևառաջ պետք է վստահ լինենք, որ այն անձինք, ովքեր համարվում են անհետ կորած, հետո չեն վերադառնա և իրենց մասին տեղյակ պահեն: Այսպիսի կազուսներից խուսափելու համար պետք է տեղեկատվությունը ստուգել, վերստուգել և այլն, քանի որ մենք գործ ունենք մարդկային ճակատագրերի, զգացմունքների հետ, և պետք է շատ զգույշ լինել:
ТАСС - Իսկ ինչպիսի՞ տնտեսական վնաս է հասցվել հանրապետությանը: Գնահատականներ կա՞ն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, իհարկե, պարզ է, որ տնտեսական իրավիճակը մեզ մոտ՝ այնպես, ինչպես ողջ աշխարհում, բարդ է: Այն բարդացել էր դեռ մինչև պատերազմը, և դա կապված էր կորոնավիրուսի համավարակի հետ: Եվ հիմա մենք պետք է գնահատենք, թե ինչպիսի ազդեցություն է պատերազմն ունեցել տնտեսության վրա: Բայց հիմա մենք պետք է ոչ միայն հաշվենք վնասները, այլև կոնկրետ քայլեր անենք՝ տնտեսական կայունությունը վերականգնելու համար: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Իմ հրապարակած ճանապարհային քարտեզում կան կոնկրետ քայլեր, որոնք ուղղված են տնտեսական կայունության վերականգնմանը: Մենք աշխատում ենք և աշխատելու ենք այդ ուղղությամբ, և ես վստահ եմ, որ կոնկրետ քայլերը կբերեն կոնկրետ արդյունքներ:
ТАСС - Ձեր հրապարակած ճանապարհային քարտեզի համաձայն՝ փախստականների վերադարձը համարվում է առաջնահերթ խնդիրներից մեկը: Ասացեք, խնդրեմ՝ ի՞նչ կոնկրետ քայլեր է մտադիր ձեռնարկել կառավարությունը, որպեսզի ձմռան շրջանում ապրելու պայմաններ ապահովվեն մարդկանց համար, ովքեր առանց տուն և աշխատանք են մնացել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք արդեն կոնկրետ որոշումներ ենք ընդունել, որոնք վերաբերում են այն մարդկանց ֆինանսական օժանդակությանը, ովքեր դրա կարիքն ունեն: Արդեն 2 ծրագիր է ընդունվել, և մոտակա օրերին ևս 5 սոցիալական ծրագիր կընդունվի: Եվ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցի ուղղությամբ: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի կայունացնել իրավիճակը: Շատ ուրախ եմ, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձի բավական լավ հոսք է նկատվում: Լեռնային Ղարաբաղի նախագահը դեռ 2 օր առաջ տեղեկացրեց, որ Լեռնային Ղարաբաղի 25000 բնակիչ արդեն վերադարձել է, և մենք վստահ ենք, որ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղի բնակիչների մեծամասնությունը կվերադառնա: Մենք պատրաստվում ենք ստեղծել դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Շատ կարևոր է նշել, որ Ռուսաստանի Դաշնությունը նույնպես մտադիր է քայլեր ձեռնարկել՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների վերադարձն իրենց տներ ապահովելու համար: Իհարկե, կան շատ տներ, որոնք ավիրվել են, և պետք է սկսել վերականգնողական աշխատանքներ: Բայց մեր նպատակը նախևառաջ ֆինանսական օպերատիվ օժանդակությամբ այդ մարդկանց ապահովելն է, ովքեր այդ միջոցների օգնությամբ կկարողանան կազմակերպել իրենց առաջնահերթ կարիքները՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու համար: Կարող եմ ասել՝ այժմ արդեն տեսանելի է, որ այդ գործընթացը ռեալ տեղի է ունենում: Եվ դա իսկապես լավ նորություն է:
ТАСС - Դուք ակնկալում եք նաև փախստականների վերադարձ իրենց տներ, որոնք գտնվում են ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած գյուղերում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Դա վերաբերում է Լեռնային Ղարաբաղի շրջաններին, և մեր համատեղ հայտարարության մեջ նախատեսված է այդ մարդկանց վերադարձ իրենց տներ: Հենց այդ կետի մասով պետք է ստեղծել կոնկրետ մեխանիզմներ, անվտանգության կոնկրետ երաշխիքներ: Պետք է ապահովել և կազմակերպել այս ամբողջ գործընթացը: Եվ այդ գործընթացը պետք է դառնա բանակցային գործընթացի առաջնահերթությունը: