«Իմ տղան կես ժամ ուշանում ա, անհանգստանում եմ, էս մարդիկ ամսից ավել սպասում են իրենց երեխաներից մի խաբարի, դաժան է, այ՛, էդ ա ինձ էստեղ բերել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան, հումորիստ Աշոտ Ղազարյանը, որը ևս մասնակցում է մտավորականների երթին։
«Պետք է մեր խոսքը հասցնենք միջազգային կառույցներին, որ ինչով կարողանան օգնեն։ Ամենուր անարդարություն է։ Մարդիկ գիշեր-ցերեկ չունեն, ուզում են, գոնե, իմանալ իրենց երեխան ողջ է, թե ոչ։ Ես էլ չեմ կարողանում քնել։ Հա հիմա նկարահանվում ենք, ուզում ենք ժողովրդին ինչ-որ կերպ սթրեսներից հանենք։ Բայց, երբ գալիս ենք նկարահանման հրապարակ տեսնում ենք՝ ոչ ոք տրամադրություն չունի։ Տեսարան կա ուրախ խոսում, ժպտում ես, բայց ներսդ վառվում ա»,- նշեց դերասանը։
Նրա խոսքով՝ մտավորականների հավաքները քաղաքական ենթատեքստ չունեն․ «Իշխանությունը պետք է մի բան անի, բայց էդ մարդիկ լռում են, մենք ինչ-որ բան պիտի անենք։ Ես 71 տարեկան եմ, էսքան ժամանակ տեսե՞լ եք ես քաղաքականությունից խոսեմ, կամ քաղաքականության մեջ լինեմ։ Ես քաղաքականություն կյանքում չեմ սիրել․ համ չեմ հասկանում, համ չեմ սիրում։ Սա էմոցիոնալ, ճիշտ հայի շարժում է, որին սիրով մասնակցում եմ՝ տեսնենք ինչ կկարողանանք անել»,- ասաց Աշոտ Ղազարյանը։