Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ իրավապահ համակարգի ղեկավարների ու ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մասնավորապես, խորհրդակցությանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը, Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը նշել է, որ ընթացիկ իրավիճակում ահագնացող հանրային պահանջ է, որպեսզի մեր երկրի պետական մարմինները և ինստիտուտները հստակ աշխատեն: «Խոսքը տվյալ դեպքում վերաբերվում է հատկապես իրավապահ համակարգին և իրավակարգի պաշտպանությանը: Այսօրվա մեր քննարկման ընթացքում կուզենայի, որ մտքեր փոխանակենք և կիսենք գնահատականները, թե ինչքանո՞վ են այսօր իրավակարգի պահպանությանն ուղղված ինստիտուտները պատշաճ մակարդակով գործում և ինչպիսի՞ն է մեր գնահատականը, այդ թվում՝ փոխգործակցության և օրինականության ապահովման տեսակետից: Ցանկանում եմ մի կոնկրետ օրինակի շուրջ խոսել: Գիտեք, որ սույն թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցան իրադարձություններ և, ըստ էության, նաև հարձակում Ազգային ժողովի նախագահի դեմ: Տվյալ գործերով այս պահի դրությամբ մեղադրանք է առաջադրվել 50 անձի, որոնցից խափանման միջոցը կալանք ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան 42 անձի պարագայում: Միջնորդություններից մերժվել է 20-ը, բավարարվել է 18-ը, ԱԺ նախագահի դեմ հարձակման գործով կալանավորվել է 2 անձ, ևս մեկ անձի կալանավորումը մերժվել է: Եթե ճիշտ բարձրաձայնեցի՝ այս վիճակագրությունը և հիմնական հարցը հետևյալն է, թե մեր գնահատականը որն է, թե ինչքանով է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին, եթե պատշաճ ենք համարում ներկաներս՝ դա ի գիտություն ընդունենք, եթե պատշաճ չենք համարում, հասկանանք՝ ի՞նչն է խնդիրը և ինչո՞ւ մենք ունենք այսպիսի իրավիճակ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Պողոսյանը ներկայացրել են նոյեմբերի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված իրավական գործընթացների ընթացքը, կատարված ուսումնասիրությունների ու քննչական գործողությունների արդյունքները:
Այս համատեքստում, տեղի է ունեցել առարկայական քննարկում հարուցված քրեական գործերի ընթացքի, հանցակազմ պարունակող արարքներում և դրանց կազմակերպման գործում ներգրավված անձանց բացահայտման, դատական համակարգի գործունեության շուրջ: Ներկայացվել են տարբեր դիտարկումներ և կարծիքներ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ իրավապահ համակարգի գործունեության արդյունքում Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի, անկախ իր զբաղեցրած դիրքրից, պետք է իրեն զգա լիարժեք պաշտպանված, իսկ իրավապահ համակարգի գործունեությունը պետք է առավելագույնը միտված լինի այդ խնդրի լուծմանը: Այս առումով, վարչապետը կարևորել է իրավապահ համակարգի մարմինների արդյունավետ ու սերտ համագործակցության ապահովումը: