Վերջին մի քանի օրերի ընթացքում ակնհայտ է դարձել, որ Հայաստանի իշխանությունները և մերձիշխանական շրջանակները ակտիվորեն լծվել են Ադրբեջանի և Թուրքիայի դրական կերպարի ձևավորմանը, ասել է թե' ականտես ենք լինում ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու երկրորդ՝ գործնական արարին:

Այս ոչ պաշտոնական քարոզարշավի բացումը արել է Լենա Նազարյանը իր աղմկահարույց հարցազրույցի ժամանակ' նշելով, մասնավորապես, հետևյալը. «Հիմա ժողովուրդը գտնվում է հուզական ապրումների եւ հիասթափությունների մեջ եւ չեմ պատկերացնում՝ ինչպես պետք է քարոզարշավ անենք։ Ես նկատում եմ, որ հանրային մակարդակում այս խոսակցությունները արդեն հայտնվում ենք։ Մի խումբ կա, որ ասում է՝ մենք պետք է համակեցության հնարավորություններ գտնենք մեր հակառակորդ հարեւանի հետ, մյուս խումբն ասում է՝ պետք է ուժեղանանք եւ ետ վերադարձնենք կորսվածը, մյուսն էլ ասում է՝ պետք է խաղաղ ապրենք, բայց ուժեղ պետություն ունենանք՝ ուժեղ հանրությամբ»։ Ի դեպ, Լենա Նազարյանը միացել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը:

Այնուհետև ինչ-ինչ պատահականությամբ, Արման Ղարիբյանը, ով հանդիսանում է «Իրավունքի ուժ» ՀԿ-ի նախագահը հաջողում է հայտնվել Շուշիի մատույցներում և նույնչափ պատահական կերպով հարցազրույց վերցնել տարակուսելիորեն վերին աստիճանի այդ հարցազրույցի համար պատրաստված ադրբեջանցի սպայից: Ղարիբյանը, իհարկե, ջանք ու եռանդ չի խնայել վերջինիս դրական լույսի ներքո ներկայացնելու համար, մի պարագայում, երբ ադրբեջանցի զինվորականները շարունակում են սադրել հայկական կողմին՝ սպառնալիքներ, հայհոյանքներ և, իհարկե, Ալլահ Աքբար կոչը հնչեցնելով: Համաձայնեք՝ այնքան էլ նման չէ նրան, որ ադրբեջանցիները մեր հետ խաղաղ համակեցության են նախապատրաստվում: Ի դեպ, ուշագրավ է որ վերոնշյալ ՀԿ-ն այն 20 ՀԿ-ների թվում էր, որոնք մեկ տարի առաջ իրենց սոլիդարությունը հայտնեցին Հայաստանում Սորոսի գրասենյակին: Իսկ ինքը' Արման Ղարբինյանը՝ հայտնի ԼԳԲՏ ակտիվիստ, բանակի և եկեղեցու դեմ բազմաթիվ ցույցերի առանցքային դերակատար, Ստամբուլում վերապատրաստումներ անցած Աննա Նիկողոսյանի ամուսինն է: Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լառա Ահարոնյանի մտերիմներից է:

Մյուս ՀԿ-ները ևս հետ չեն մնացել: «Միլիտարիզմ. ապատեղեկատվական պատմություն հայ հասարակության մեջ» նախագծի շրջանակում «Սոցիոսկոպ» սոցիալական հետազոտությունների եւ խորհրդատվության կենտրոնը 2018-ին NED-ից ստացել է $40,106 դոլար, 2019-ին՝ 49 940 դոլար, որպեսզի հայ տեղեկատվական տարածքը պաշտպանի ոչ ավել, ոչ պակաս «ավտորիտար դերասանների» վնասակար ազդեցությունից: Այս ողջ ընթացքում ՀԿ-ն ուսումնասիրում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հրապարակային հայտարարությունները՝ վերլուծելու, թե ինչպես են արտաքին եւ տեղական ավտորիտար գործողությունները ձգտում օգտագործել բնակչությանը վախեցնելու եւ հասարակական կարծիքը շահարկելու համար:

«Սորոսի գրասենյակից» իրավապաշտպան Արթուր Սաքունցը հունվար ամսին 187.500 ԱՄՆ դոլար գումար է ստացել խաղաղասիրության քարոզ իրականացնելու համար և այսօր էլ հաջողությամբ իրագործում է այդ ծրագիրը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը դեռևս 2010 թվականին հիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ն՝ epress.am լրատվական կայքով, որն այսօր, ինչպես և նախորդ տարիներին, աշխատում է ԼՂ հիմնախնդրի առնչությամբ խաղաղասիրության քարոզով:

Վերջին օրերին էլ անչափ ուշագրավ միտք արտահայտեց էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նրա' տարածարշրջանի ապաշրջափակումը մեզ տալու է բազմաթիվ նոր մարտահրավերներ, բայց տալու է նաև նոր հնարավորություններ: Հայերի համար հասանելի կլինեն թուրքական նավահանգիստները, որտեղով կարելի է ապրանք արտահանել Ռուսաստան, մեզ համար հասանելի կլինի ադրբեջանական շուկան, իսկ Ադրբեջանի համար՝ մեր շուկան: Ըստ Վահան Քերոբյանի' պետք են գալու համապատասխան գիտելիք ունեցող մարդիկ, որոնք կկարողանան այս իրավիճակում իրենց արժանվույնս դրսևորել: Հիմա նախարարությունը պատասրատում է այդպիսի մարդկանց: Այսինքն, պետական մակարդակով մեզ պատրաստում են թուրքերի ու ադրբեջանցիների հետ առևտուր անելուն, իսկ ազգային անվտանգության մասին ոչ մի խոսք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ կապիտուլյացիայի համաձայնագիրը ստորագրելուց հետո մշտապես հանրությանը ներկայացնում է այն տնտեսական առավելությունները, որոնք կարող են լինել տարածաշրջանում տրանսպորտային հանգույցների ապաշրջափակումից հետո: Ընդ որում, այս առավելությունները այնքան կասկածելի են և մշուշոտ, որ ինքը' Փաշինյանը, անգամ չի մանրամասնում և չի ներկայացնում թե օրինակ՝ ինչ մեխանիզմով է տեղի ունենալու գործընթացը, որոնք են առավել հստակ այն առավելությունները և շահը, որը կարող է ունենալ հայկական կողմը: Հանրությանը մատուցվում է աբստրակտ շահի տեսլականը:

Այսօր փորձ է արվում առաջ քաշել այն թեզը, որ թուրքերի և ադրբեջանցիների հետ ավելի լավ է առևտուր անել, քան պատերազմել: Միևնույն ժամանակ նմանատիպ տենդենցները ադրբեջանական հասարակությունում իսպառ բացակայում են և թերևս երբեք էլ գոյություն չեն ունեցել: Քանի դեռ պատերազմը ավարտված չէ, իսկ այն ավարտված չէ՝ դրանում որևէ կասկած լինել չի կարող, Թուրքիայի և Ադրբեջանի ռեբրենդինգը, վերջիններիս հետ եղբայրության քարոզը կարող է ուղղակիորեն վտանգի տակ դնել հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը: