«Հրապարակ» թերթը գրել է.
ՄԻՊ Արման Թաթոյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը եւ հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը առաջիկայում նոր կուսակցություն կբացեն, գուցե սկզբնական փուլում դա ներկայացնեն իբրեւ նախաձեռնություն։
Ավելի քան երեք ամիս է եռյակը ակտիվ քննարկումների մեջ է՝ հայաստանյան քաղաքական ներկապնակը նոր՝ տեխնոկրատների թիմով համալրելու նպատակով։ Մեզ ասացին, որ մինչեւ սրբազան պայքարի սկսվելն անգամ կուսակցության ծրագիրն էր պատրաստ:
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից հետո ուշագրավ է, որ երեքն էլ ոչ անմիջականորեն հարթակում, բայց իրենց ակտիվ աջակցությունն են ցուցաբերել սրբազան պայքարին՝ Մխիթարյանը սաունդթրեքն է գրել, իսկ Թաթոյանին ու Անանյանին կարելի էր ամեն օր տեսնել հավաքներին։
Հիմա, երբ սրբազան պայքարը պասիվ փուլ է մտել, այս գործիչների եռյակը, ըստ լուրերի, կրկին ակտիվացել է ու հնարավոր է հենց աշնանը ազդարարեն նորամուտի մասին։
Չնայած նրանցից առնվազն երկուսի անունը կապվում է Սերժ Սարգսյանի փեսայի' Միքայել Մինասյանի հետ, ում դեմ նոր թափով են քրեական հետապնդում սկսել, սակայն եռյակին մոտ կանգնած մեր աղբյուրի վստահեցմամբ' նոր ուժը որեւէ նախկին ուժի, խմբի կամ անհատի հետ կապ չի ունենալու։