«Հավատացած եմ, որ Հայաստանում նոր ընդդիմություն կձևավորվի: Քաղաքական դաշտում կան առողջ ուժեր, անհատներ, որ իրենց դեմքը, «ես»-ը պահել են այս տարիների ընթացքում: Ինձ թվում է, որ մոտակա ժամանակահատվածում՝ 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում, ինչ-որ նոր ուժ կձևավորվի»։ Նման կարծիք որոշ ժամանակ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր ազատամարտիկ, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սասուն Միքայելյանը։
«Հրապարակ» օրաթերթի հրապարակման համաձայն օրերս թերթը տեղեկացել է, որ նոր ուժի ձևավորման ուղղությամբ քայլեր են արվում, և Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում: Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը ղեկավարի) Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ-ից անջատված որոշ այլ գործիչներ:
Լուրեր.com-ի հետ զրույցում «ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում ցանկացած պահի, ցանակացած քաղաքացի կարող է կուսակցություն ձևավորել, առավել ևս հանրությանը հայտնի անձնավորությունները:
«Այդ առումով որևէ խնդիր չեմ տեսնում: Այդպիսի ուժ ձևովորվելու դեպքում մենք կողջունենք: Իսկ ինչ վերաբերում է երկրի ընդհանուր իրավիճակի վրա ազդելուն, ես կարծում եմ' ցանկացած պարագայում միասնությունն է, որ ինչ-որ խնդիր լուծելու է: Սասուն Միքայելյանը, թե Նիկոլ Փաշինյանը կլինեն կուսակցության ղեկավար, թե անհատ քաղաքակն գործիչ, ըստ էության, մեծ տարբերություն չի տա, որովհետև ցանկացած պարագայում միասնական ուժերով է, որ հնարավոր է երկրում փոփոխություններ իրականացվի», - ասաց Արմեն Մարտիրոսյանը: