Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն անդրադարձել է ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին ազգային հերոսի կոչում չշնորհելու վերաբերյալ դժգոհությանը, որն արտահայտել է կապիտանի մայրը: Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծեց, որ հանդիպել է Արմենակ Ուրֆանյանի մոր հետ և մեծ ակնածանք ու հարգանք է տածում նրա նկատմամբ:

«Իր այդ դժգոհությունը նա հայտնել է նախկինում ևս, դեռևս մինչև իմ պաշտպանության նախարար նշանակվելը: Ես բացատրել եմ, պատմել եմ, որ այդ գործընթացը մեկ անձի լուծելու խնդիր չէ: Յուրաքանչյուր նման դեպք մանրամասն ուսումնասիրվում է, ու,  համադրելով բազմաթիվ հանգամանքներ,  հատուկ հանձնաժողովները ներկայացնում են միջնորդություն պաշտպանության նախարարին, նախարարը՝ Հանրապետության Նախագահին ու կայացվում են համապատասխան որոշումներ», -ասաց Սարգսյանը:

 

Նախարարը կարծում է, որ պետական պարգևները և կոչումները երախտագիտություն հայտնելու շատ կարևոր միջոց են։ «Բայց ես կարծում եմ, որ մենք՝ որպես հասարակություն ու պետություն, հասունացել ենք այնքան, որ չսահմանափակվենք դրանով:  Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր ու դրանցից մեկը «Դուք մենակ չեք» ծրագիրն է, որով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքի կցվում է առաջին կուրսի կուրսանտ ու ամբողջ ուսման ընթացքում տարին մի քանի անգամ այցելում է այդ ընտանիք», - ասաց նա՝ հավելելով, որ դա լուծում է միաժամանակ մի քանի խնդիր։

Առաջինը՝ այդ ընտանիքին տալիս է հնարավորություն պահել կապը բանակի հետ: Երկրորդը՝ բանակին տալիս է հնարավորություն, ներկա լինելով ընտանիքում, հարազատի կարգավիճակով հասկանալ յուրաքանչյուր ընտանիքի դժվարությունները, բարդությունները ու փորձել լուծել դրանք: Երրորդը՝ ապագա սպայի մեջ սերմանում է յուրաքանչյուր զինվորի կյանքի նկատմամբ շատ ուշադիր, շատ զգոն լինելու գիտակցումը, որովհետև նրանք իրենց աչքով տեսնում են որդեկորույս ընտանիքի ցավը:

Նախարարը վստահեցնում է, որ չկա զոհվածի կամ զինհաշմանդամություն ստացածի ընտանիք, որի խնդիրներին պաշտպանության նախարարությունը մանրակրկիտ ծանոթ չէ: