Վարչապետի' ընդդիմության միացյալ թեկնածու Վազգեն Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան–Պուտին–Ալիև հանդիպմանը, ինչպես նաև խոսել է հետպատերազմյան կարևոր իրողությունների մասին։
Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ' Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության բոլոր կետերը բավարարում են Ադրբեջանին, հետևաբար Ալիևը փորձելու է լուծել երկու խնդիր։ Մեկն այն է, որ ձգտելու է կամաց–կամաց կուլ տալ, մարսել Արցախը, իսկ երկրորդ խնդիրն առնչվում է կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այսինքն' Նախիջևանն Ադրբեջանին կապելու հարցը, որպեսզի ճանապարհը վերահսկելի լինի, և Հայաստանի ինքնիշխանությունը դրա վրա չտարածվի։
«Հայաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, բայց այժմ մեր երկրի դիմադրությունը բոլոր հարցերում հավասար է զրոյի, այն չի կարող որևէ հարց լուծել։ Նույնիսկ գերիների հետ կապված ամենաանմեղ հարցը, որն ամրագրված է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության 8-րդ կետում, չլուծվեց, նույնիսկ ձևի համար գերիների նոր խումբ չտվեցին։ Այսինքն' ինչ ուզում, անում են։ Այդ տեսակետից Հայաստանը խայտառակ պարտություն կրեց բանակցությունների ընթացքում, և չի էլ կարող պարտություն չկրել, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Պարտված, վախեցած ու ջարդված վարչապետին ինչ էլ ասեն, կանի»,– նշեց Մանուկյանը։
Նրա կարծիքով' հայ ժողովրդին գայթակղում են կոմունիկացիաների ապաշրջափակմամբ, բայց իրականում այն, ինչ օգուտ է Հայաստանին, չի աշխատելու, որովհետև Հայաստանն այն վիճակում չէ, որ առաջ տանի իր խնդիրները։
Ընդդիմադիր դաշտից վարչապետի միացյալ թեկնածուն խոսել է նաև ներքաղաքական զարգացումների, դրանց հնարավոր հանգուցալուծման, իրենց հետագա քայլերի և արտահերթ ընտրությունների անցկացման պայմանների մասին։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կանցկացվի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը։
Հանդիպման արդյունքների հիման վրա կկազմվի 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև համաձայնեցված այլ ուղղություններ:
Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։