Շուտով խորհրդարանը կընտրի Հայաստանի 4-րդ նախագահին, իսկ մինչ այդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հարցազրույցներ է տալիս տարբեր լրատվամիջոցների: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Արմեն Սարգսյանն իմիջի ձևավորման խնդիր է լուծում:
«Այս մեկ ամսվա ընթացքում Արմեն Սարգսյանը զբաղված էր PR-ով, անընդհատ փորձում էր լրատվական դաշտը լցնել իր շուրջ ինֆորմացիայով, որպեսզի ցույց տա, որ ինքը տարբերվում է իշխանական մյուս ներկայացուցիչներից: Իսկ ինքը, պետք է նկատենք, որ այս առումով որոշակի փորձ ունի: Սերժ Սարգսյանն իր առջև խնդիր է դրել, որպեսզի ինքը լավատեսական հեռանկարներ նշմարի: Սերժ Սարգսյանը, նոր կադրեր բերելով, փորձում է դեպրեսիոն վիճակում գտնվող մարդկանց մոտ հույսեր արթնացնել, որ երկիրը երկիր է»,- նկատեց քաղտեխնոլոգը:
Երեկ՝ փետրվարի 25-ին, ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը հերթական հարցազրույցն է տվել «Ազատություն» ռադիոկայանին, որի ընթացքում անդրադառնալով Սերժ Սարգսյանի կողմից նախագահի թեկնածու դառնալու առաջարկին, նշել էր, որ առաջարկն իր համար անսպասելի էր, չնայած կարելի է նաև ասել, որ սպասված էր: Վիգեն Հակոբյանի խոսքով՝ սովորաբար Սերժ Սարգսյանի կադրային որոշումները շատ դեպքերում անսպասելի են լինում. «Արմեն Սարգսյանի համար անսպասելի էր այն առումով, որ Հայաստանում ցանկացած փոփոխություններից առաջ, սկսած 1996 թ.-ից, ինչ նա լքել է վարչապետի պաշտոնը, բոլոր նշանակումների ժամանակ միշտ իր անունը շոշափվում էր, և երևի թե ինքը կզարմանար, եթե այս անգամ իր անունը չշոշափեին: Այսինքն՝ իր անունը միշտ հիշատակվում էր, երբ որևէ կադրային փոփոխություն պետք է լիներ և ըստ երևույթին՝ ակնկալում էր, որ հերթական անգամ իրեն կհիշեն»,- ասաց նա:
Ըստ քաղտեխնոլոգի՝ նախագահի թեկնածուն առհասարակ խոսում է դիվանագիտական ոճով, բառախաղերով և գուցե նրա ասածը նշանակում է, որ ադ թեմայով իր և Սերժ Սարգսյանի միջև խոսակցություններ, ակնարկներ են եղել:
Հարցազրույցի ընթացքում Արմեն Սարգսյանն անդրադարձավ նաև քաղբանտարկյաներին՝ ասելով. «Քաղբանտարկյալ որևէ երկրում լինելու խնդիրն ինձ համար անընդունելի է: Ինձ համար կրկնակի կամ եռակի անընդունելի է, եթե խոսքը վերաբերում է մեր երկրին»: Անդրադառնալով նախագահի թեկնածուի այս մտքին՝ Հակոբյանը նկատեց՝ որպեսզի իր օրոք չունենանք քաղբանտարկյալ, ինքը պետք է լինի այն ուժը, ով ունի նման լիազորություններ. «Խնդիրը նրանում է, թե իրականում սահմանադրական փոփոխություններից հետո ինչ լիազորություններ է ունենալու նախագահը: Եթե ունակ կլինի ազդելու որոշումների վրա, գուցե նման փոփոխությունների բերի, քանի որ դե ֆակտո՝ ապրիլից հետո ինքը չի լինելու այն մարդը, ով առաջնային լիազորութոյւններ ունի: Իսկ ես չեմ կարծում, որ քաղբանտարկյալների հարցն իր լիազորությունների շրջանակում է լինելու: Շատ բան կախված է լինելու իր դրվածքից, թե որքանով կանցնի իր խոսքը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ամեն բան կախված է նրանից, թե Սերժ Սարգսյանի և՛ դե յուրե, և՛ դե ֆակտո ղեկավարման փուլում 4-րդ նախագահն ինչ լծակներ կունենա:
Քաղտեխնոլոգը նկատեց նաև, որ ինչպես երևում է՝ Արմեն Սարգսյանն ամեն դեպքում «անգլիական թագուհու» կարգավիճակին համաձայն չէ, այսինքն՝ այն ամենին, ինչն իրեն վերապահում է Սահմանադրությունը:
Սոնա Հարությունյան