Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ԲԴԽ կազմի և դատարանների նախագահների հետ: Հանդիպման իրական նպատակը, թերևս, որևէ մեկի համար գաղտնիք չէ՝ վերջին օրերին դատարանները հրաժարվում են կալանավորել ընդդիմադիր գործիչներին, ինչը միանշանակ Նիկոլ Փաշինյանի սրտով չէ և նման հանդիպումը միտված է դատական համակարգի հանդեպ վերահսկողության մեխանիզմների ամրապնդմանը:
Առավոտյան էլ Փաշինյանը փաստացի ինքնախոստովական ցուցմունք է տվել' նշելով, որ խնդրել էր դատախազությանը Ռոբերտ Քոչարյանին վերադարձնել վերջինիս անձնագիրը՝ պատերազմի օրերին ՌԴ այցելելու նպատակով: Սա ցուցմունք է նաև Գլխավոր դատախազի դեմ, քանի որ ստացվում է՝ Արթուր Դավթյանն էլ իր հերթին կատարել է քաղաքական պատվեր: Հասկանալի է, որ վարչապետը որևէ իրավունք չունի դատախազությանը խնդրանքով դիմել, անգամ եթե երկիրը պատերազմական դրության մեջ է, հենց դրա համար է Հայաստանում տեղի ունեցել հեղափոխություն, որպեսզի դատարանները և ուժային կառույցները ազատվեն քաղաքական պատվերներ կատարելու պարտավորվածություններից: Սակայն, կարծես թե, 2018-ից հետո այդ պարտավորվածությունները միայն աճել են:
Սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը ինքնախոստովանությամբ է հանդես գալիս: Ամիսներ առաջ էլ նա բառացիորեն հետևյալն էր ասել. «Եթե ինձ պետք լինեին մարիոնետային դատարաններ, էդ դատական համակարգը պատրաստի դրած էր։ Ինչի հիմա դատավոր կա, որ վարաչպետի ասածը կարող է չանե՞լ»։
Փաշինյանը նաև ինքն էր սկզբում աղմուկ հանել Հարավկովկասյան երկաթուղիների գործունեություն մեջ կառուպցիոն ստվերներ տեսնելով, խոսում էր 60 մլն-ի հասնող կոռուպցիոն չարաշահումների մասին, այնուհետև ակնհայտ է, որ հենց իր ցուցումով քրեական գործը պարզապես փակվեց և սա էլ է միջամտության դասական տարբերակ:
Նոյեմբերի 10-ի առավոտյան Փաշինյանը գրառում էր արել, որով փաստացի ուղղորդում էր իրավապահ մարմիններին՝ քրեական պատասխանատվության ենթարկել գիշերը կառավարության շենքում և ԱԺ-ում անկարգություններ կազմակերպած անձանց: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է այդ մասին գրում երկրի վարչապետը, չէ՞ որ օրինախախտներին հայտնաբերելը և պատժելը հանդիսանում է իրավապահ համակարգի թիվ մեկ առաքելությունը, և համակարգը այդ առաքելությունը կարող է կատարել նաև առանց ՀՀ վարչապետի ՖԲ գրառման:
Մեկ այլ գրառման մեջ Փաշինյանը կոչ է արել ազգայնացնել ջարդարար օլիգարխների ողջ գույքը: Սա նույնպես հստակ ցուցում է իրավապահ համակարգին և դատարաններին:
Նույն Փաշինյանը խոստովանում էր, որ ԱԱԾ-ին հանձնարարություն է տվել հետաքննություն սկսել դիրքերում այսպես կոչված' դավաճանների և տագնապ սերմանողների դեմ:
Ժամանակին Փաշինյանը մատ էր թափ տալիս նաև ԲՈՒՀ-երի ռեկտորների վրա: Նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մենք պետք է շատ հստակ ասենք՝ օրինակ էն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները Նոր Հայաստանում անելիք չունեն»: Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ փաստացի խոստովանել է, որ քաղաքական դրդապատճառներով ուղղորդում է իրականացնում վերահսկող և իրավապահ մարմինների նկատմամբ:
Պարզից էլ պարզ է, որ չի կարող դատական համակարգը անկախ լինել այնքանով, որքանով դա հարմար է գործադիր իշխանությանը։ Դատական իշխանության անկախությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, որպեսզի ապահովված լինի անկախ քաղաքական կամքից, մի բան՝ ինչը Նոր Հայաստանում այդպես էլ իրականություն չդարձավ և այդ մասին են վկայում հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնախոստովանությունները…