Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն չեղարկվել է, ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ նրան չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում կազմակերպել ՌԴ ղեկավարության հետ: Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպելու ՀՀ բոլոր ջանքերը ձախողվել են, իսկ վարչապետի արարողակարգի ղեկավարը հետ է կանչվել Երևան: Բոլորի համար էլ հասկանալի է, որ այցի չեղարկման հիմնական պատճառը հայ-ռուսական «փայլուն» հարաբերություններն են, որոնց ձևավորման գործում «անուրանալի» դեր ունեն Փաշինյանն ու իր թիմը:  Պատճառներից մյուսն էլ այն է, որ Նիկոլ Փաշինյանի պաթոլոգիկ ստախոսությունը այլևս ակնհայտ է ոչ միայն հայ հասարակության համար, այլ նաև ի ցույց է դրվում և բացահայտվում է ռուսական իսթեբլիշմենթի կողմից՝ ամենաբարձր մակարդակով:

Դիցուք՝ Նիկոլ Փաշինյանը հետպատերազմյան իր հարցազրույցներում հայտարարում է, թե կարգավորման բոլոր տարբերակներով առաջարկվում էր կամ նախատեսվում էր Շուշին ադրբեջանական կողմին հանձնելը: Իր հերթին ՌԴ նախագահ Պուտինը իր վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ հոկտեմբերի 19-20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հայերը կկարողանային պահպանել Շուշին, սակայն այնտեղ պետք է վերադառնային գաղթականները։  Այսինքն՝ ՌԴ նախագահը բացահայտ կերպով մերկացրել է Փաշինյանի սուտը, իսկ պաշտոնական Երևանը և ինքը` Փաշինյանը, Պուտինի այս հայտարարությունը չեն մեկնաբանում՝ հասկանալի պատճառներով:

Հաջորդ անգամ Փաշինյանը պարզապես նենգափոխել է Պուտինի խոսքերը` նշելով, որ իր փաստարկները Շուշիի վերաբերյալ ՌԴ նախագահին տրամաբանական են թվացել եւ որ Պուտինը լավ տեղեկացված չէր որոշ նրբություններից: Նախ նշենք, որ Պուտինը ինքն էր շեշտել, որ Փաշինյանի բերած փաստարկները Շուշի քաղաքի հարցում իր համար անտրամաբանական էին: Մյուս կողմից էլ ստացվում է, ըստ Փաշինյանի` Ռուսաստանի նման գերտերության ղեկավարը տեղյակ չէ մի կոնֆլիկտի նրբություններից, որի կարգավորման միջնորդն է հանդիսանում։ Պուտինի դեպքում հատկապես տրամաբանական չէ սա, քանի որ նա առնվազն 20 տարի անձամբ է զբաղվում Արցախի խնդրով ու դժվար է պատկերացնել, որ նա կարող է որոշ նրբություններ լսել Նիկոլ Փաշինյանից, ով ինքը լիարժեքորեն չէր տիրապետում բանակցային գործընթացին և իր իսկ խոսքով` ծանոթանում էր այդ գործընթացին Իլհամ Ալիևից: 

Վերջին դեպքն էլ գրանցվեց երեկ, երբ, Փաշինյանը, իրեն արդարացնող ֆեյսբուքյան հերթական «շարադրության» մեջ խոսելով պատերազմի օրերին ՀՀ առաջին և երկրորդ նախագահների՝ ՌԴ կազմակերպվելիք մասնավոր այցի մասին, հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին նախագահներին խնդրել էր, որպեսզի ինքը` Փաշինյանը, միջնորդի Պուտինին՝ Քոչարյան-Պուտին հանդիպում կազմակերպելու նպատակով: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Ռոբերտ Քոչարյանը, ում Վլադիմիր Պուտինի հետ կապում են տասնյակ տարիների մտերիմ, եթե չասենք՝ ընկերական հարաբերությունները ,ում տիկնոջը Պուտինը այցելում էր Երևան կատարած այցի ընթացքում, պետք է խնդրեր որպեսզի իր համար միջնորդեր մի անձ, ով 2.5 տարում չկարողացավ ՌԴ գեթ մեկ պետական այց կազմակերպել: Ի դեպ, հենց այս գրառումից հետո էլ հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցը Մոսկվա չեղարկվելու է: Ինչպես երևում է, ռուսական կողմի համար սա Փաշինյանի կողմից իրականությունը նենգափոխելու վերջին կաթիլն էր, և Մոսկվան որոշել է հասկացնել Փաշինյանին, որ վերջինս ի վիճակի չէ անգամ ինքն իր համար միջնորդել` դրանով իսկ հերքելով վերջինիս գրառման մեջ տեղ գտած պնդումները, որոնք հերքվեցին նաև երկրորդ նախագահի գրասենյակի կողմից: Ավելին՝ Քոչարյանի գրասենյակից խոստացան շաբաթվա ընթացքում մանրամասն ներկայացնել ողջ իրականությունը:

Փաշինյանի 2.5 տարվա վարած քաղաքականությունը ՌԴ-ի հետ հարաբերությունները կառուցելիս, պաթոլոգիայի աստիճանի հասնող սուտը և դրան ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների արձագանքը գալիս են փաստելու, որ Մոսկվայի կողմից Փաշինյանի քաղաքական աջակցության մակարդակը այս պահին մոտ է զրոյի և ռուսական կողմը տարբեր մեսիջներով և թափանցիկ ակնարկներով դա ի ցույց է դնում…