«Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը Ազգային ժողովի այս քառօրյայի օրակարգում չի ընդգրկվել, մենք ժամանակավորապես դադարեցնում ենք բողոքի ակցիան և անցնում ենք դասավանդման բնականոն ռեժիմին։
Առաջիկայում մեր նախաձեռնության կողմից ներկայացնելու ենք լուծումներ ու առաջարկություններ՝ օրենքի նախագծում եղած թերությունները և հակասահմանադրական իրավակարգավորումները վերացնելու համար։
Միաժամանակ պատրաստակամություն ենք հայտնում հետամուտ լինելու բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։
Շնորհակալություն ենք հայտնում ԵՊՀ բոլոր այն ստորաբաժանումներին, դասախոսներին և ուսանողներին, որոնք աջակցեցին մեզ»։
Հիշեցնենք, որ կառավարության հերթական նիստի՝ դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը, որը կառավարությունը հաստատել է։