ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում պարզվել են «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի բոլոր հանգամանքները:

 

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վանաձորի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 2006-2019 թվականներին զբաղեցնելով նշված պաշտոնը, պաշտոնավարման ընթացքում իր հետ բարեկամական կապ ունեցող անձանց նույն կազմակերպությունում աշխատանքի է ընդունել, որոնք առհասարակ աշխատանքի չեն հաճախել, չեն կատարել աշխատանքային պարտականությունները, սակայն տնօրենը վերջիններիս ոչ միայն աշխատանքից չի ազատել, այլև իր անմիջական ենթակայության տակ աշխատող գործավարի օժանդակությամբ և նրա միջոցով, ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել մարզադպրոցի աշխատողների աշխատաժամանակի հաշվարկի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող տեղեկագրերում, իր ստորագրությամբ և կազմակերպության կնիքով հաստատել  է դրանք և հանձնել  Վանաձորի համայնքապետարանի «Հաշվապահ» ՀՈԱԿ:

Այնուհետև տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նշված աշխատակիցների աշխատավարձի բանկային քարտերը և ծածկագրերը տրամադրության տակ ունենալով, բանկոմատից կանխիկացրել է աշխատակիցների անվամբ հաշվարկված աշխատավարձի գումարները և անձնական կարիքների համար օգտագործելու, մարզադպրոցի՝ իրեն վստահված բյուջեից վատնման եղանակով կատարել հափշտակություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Իսկ դպրոցի գործավարի նկատմամբ որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնել՝ գործուն զղջալու հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: