«Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել խարդախություն կատարելու հատկանիշներով: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում 2019 թվականի հունվարի 16-ին վարույթ է ընդունվել 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1( խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով) և 2-րդ կետի (խոշոր չափերով) հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախնական տվյալներով՝ Իջևան քաղաքի բնակիչը ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ Իջևան ԲԿ ՓԲԸ-ի նախկին տնօրենը, 2015 թվականի ամռանը իրեն հիշյալ ԲԿ-ում աշխատանքի տեղավորելու համար պահանջել և ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, սակայն, չկատարելով խոստումը, հափշտակել է գումարը:
Իրականացված անհետաձգելի քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
«Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քաղաքացուն պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: