Օր օրի ավելանում են Հայաստանում և սփյուռքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերի, կառույցների անհատների թիվը: Սակայն, պետք է արձանագրենք, որ ներքին հենարանի կորստից զատ Նիկոլ Փաշինյանը այսօր ունի մեկ այլ, անչափ կարևոր խնդիր, դա արտաքին հենարանի բացակայությունն է, ինչը նկատելի է անգամ անզեն աչքով: 2018 թվականին, երբ հեղափոխականները պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջինս շարունակում էր ընդունելի մնալ ուժային գրեթե բոլոր կենտրոնների համար և չնայած դրան՝ Սարգսյանը հրաժարական տվեց: Իսկ ի՞նչ վիճակում է այսօր Փաշինյանը:
Դիցուք՝ ՌԴ հետ հարաբերությունները գրեթե զրոյական աստիճանի հասցնելու մասին շատ է խոսվել: Փաշինյանի թիմը արեց այդ հարաբերությունները սառեցնելու համար գրեթե ամեն բան՝ սորոսականներին իշխանական բուրգի ամենա բարձր հատվածներում տեղավորելուց, մինչև Վլադիմիր Պուտինին ցուցադրաբար օդանավակայանում չդիմավորելը, ԵԽԽՎ-ում հակառուսական «պատահական» քվեարկությունը, ռուսական կապիտալով ընկերությունների դեմ քրեական գործեր հարուցելը այնուհետև անհիմն լինելու պատճառով՝ կարճելը, ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելը և այլն, ցանկը կարելի է երկար շարունակել: Դրան էլ պետք է գումարել այն հանգամանքը, որ պատերազմից հետո Փաշինյանը գրեթե ամեն օր ստում էր կամ հերքում ՌԴ նախագահի խոսքերը: Փաշինյանի հրաժարականը պահանջեցին ՌԴ հայազգի գործարարները՝ Սամվել Կարապետյանը, Սերգեյ Համբարձումյանը՝ Մոնարխը: Հասկանալի է, որ եթե Փաշինյանը վայելեր ռուսական կողմի աջակցությունը, ինչպես դա փորձում են շատ հաճախ ցույց տալ իր կողմնակիցները բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով խմբագրելով Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, ապա դժվար թե Ռուսաստանում բնակվող հայ գործարարները, ովքեր գտնվում են Կրեմլի ազդեցության գոտում, գնային նման սաբոտաժի: ՌԴ-ից եկող մեսիջները միանշանակ փաստում են, որ ռուսական կողմից Նիկոլ Փաշինյանը այս պահին որևէ աջակցություն չունի:
Ուժային մյուս կենտրոնը, որը կարող էր աջակցել Փաշինյանին, դա Արևմուտքն է: ԵՄ-ում, սակայն, չեն շտապում աջակցության խոսքեր հղել Փաշինյանին և իր թիմին: Ընդհանրապես, ԵՄ-Հայաստան հարաբերությունները այս 2.5 տարիների ընթացքում գրեթե ոչնչով աչքի չընկան: 2019 թվականի մարտին Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը և ԵՄ-ն պատրաստվում են համատեղ մի քանի մեգանախագծեր իրականացնել, սակայն, ինչպես երևում է, դրանք նույնպես գրվեցին սառույցին: ԵՄ պաշտոնյաներին միանշանակ չի բավարարում Հայաստանում ընթացող ռեֆորմների տեմպերը և հատկապես այն հանգամանքը, որ Փաշինյանի թիմը մինչ օրս չի հաջողացնում սղղացնել մի շարք կոնվենցիաների ընդունումը և վավերացումը: Վերջին 2.5 տարիների ընթացում ԵՄ-ից եկող ֆինանսական օժանդակությունը ամենաքիչն էր վերջին 10 տարիների ընթացքում, և դա ինքնին խոսուն նկարագրում է ԵՄ կողմից Փաշինյանի ռեժիմի աջակցման մակարդակը:
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա Սպիտակ Տան կողմից պատերազմից հետո հնչել է ակնհայտ կշտամբանքի խոսք, պայմանավորված Արցախում ռուս խաղաղապահների տեղակայմամբ: Բնական է, որ ԱՄՆ շահերից չի բխում Արցախը ռուսական մանդատի տակ դնելը, կապիտուլյացիոն ակտի ստորագրումից օրեր առաջ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականը հայտարարում էր, որ քննարկվում է Արցախում սկանդինավյան խաղաղապահ բրիգադ տեղակայելու հարցը: Սակայն, Փաշինյանը ԱՄՆ թիկունքում գնալով եռակողմ համաձայնությանը, ըստ էության, խառնեց ԱՄՆ պլանները և Մինսկի խմբի ֆորմատի հետագա աշխատանքը դրեց հարցականի տակ՝ դե –ֆակտո ԱՄՆ-ին դուրս թողնելով գործընթացից, հետևաբար զրկելով նաև ազդեցության լծակներից: Նաև Հայաստանը դնելը ռուսական ծիրի մեջ որևէ կերպ ԱՄՆ կողմից Փաշինյանին ներվել չի կարող: Ըստ էության նման վերաբերմունքի պատճառը հենց այն է, որ շուրջ 2.5 տարի Փաշինյանը ռևերանսներ է արել մեկ ռուսական կողմին, մեկ ՝ ամերիկյան, փորձելով նստել միանգամից երկու աթոռի, ինչը քաղաքականության մեջ բավական բարդ լուծվող խնդիր է, հատկապես Հայաստանի նման փոքր երկրների պարագայում:
Ուշագրավ է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը Լին Թրեյսին պատերազմից հետո մի շարք հայտարարություններով է հանդես եկել և դրանք բոլորը կոչ էին իշխանություններին՝ հարգել բողոքի խաղաղ ցույցեր իրականացնող քաղաքացիների իրավունքները: Մեսիջը ինքնին հասկանալի է: Փաշինյանը զրկվել է նաև իր կարևոր մյուս հենարանից՝ սորոսականներից: Ռուսական կողմին սիրաշահելու նպատակով այսպես կոչված՝ սորոսական պաշտոնյաներին հեռացնելուց հետո սորոսականներն սկսել են լրջագույն պրեսինգի տակ պահել Փաշինյանին, իսկ սորոսական մեդիան անգամ ծաղրանկար է հրապարակել՝ ակնարկելով, որ Փաշինյանը մնացել է աղանդավորների աջակցության հույսին:
Որքան էլ որ տարօրինակ չհնչի, սակայն այսօր Փաշինյանի միակ արտաքին հենարանը Թուրքիան և Ադրբեջանն են, իսկ դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականը ընդամենը ժամանակի հարց է, քանի որ աքսիոմատիկ ճշմարտություն է այն, որ հնարավոր չէ իշխանություն պահել առանց արտաքին հենարանի, առանց ուժային կենտրոններից առնվազն մեկի աջակցության, հատկապես այն դեպքում, երբ ներքին հենարանները օր-օրի մաշվում են …