Ռուս խաղաղապահների միջամտությունից հետո ադրբեջանցիները քիչ առաջ հետ են քաշվել Շուշիի շրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղերի մոտից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։
«Երկու ժամ առաջ են հետ քաշվել։ Մենք պատրաստ ենք եղել բնակիչներին դուրս հանել գյուղերից, բայց քանի որ ադրբեջանցիներն արդեն հետ են քաշվել, դրա կարիքը չկա։ Գյուղերի միջև ճանապարհը բաց է», – ասաց Միրզոյանը։
Նշենք, որ շուրջ մեկ օր ադրբեջանցի զինծառայողները փակել էին Հին Շենից Մեծ Շեն տանող ճանապարհը։ Նրանց վախից բնակիչները փորձել էին լքել գյուղերը։ Այսօր երեկոյան Facebook-ում լուրեր տարածվեցին, որ ադրբեջանցիները մոտեցել են Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող գյուղերին և պահանջում են բնակավայրերը լքել մինչև ժամը 12:00-ն:
Sputnik Արմենիայի հարցին, թե Շուշիի շրջանի` հայկական վերահսկողության տակ մնացած գյուղերի տարածքում կա՞ն արդյոք հայ զինծառայողներ, Միրզոյանը ասաց, որ բանակ որպես այդպիսին տեղում չկա։
«Զինվորներ կան, բայց համատարած կանգնած չեն, առաջնագիծ չկա, խրամատներ չկան», – ասաց նախարարը։
Նա շեշտեց, որ Շուշիի շրջանի բոլոր գյուղերը` բացառությամբ պատերազմի ժամանակ գրավված Շուշիի ամենախոշոր գյուղի` Քարինտակի, մտնում են Լաչինի 5 կմ–անոց միջանցքի մեջ և ըստ այդմ պետք է մնան հայկական կողմի վերահսկողության տակ։ Խոսքը Հին Շեն, Մեծ Շեն, Եղցահող, Լիսագոր և Քիրսավան գյուղերի մասին է։
«Հիմա ստացվում է` այդ գյուղերը շրջափակման մեջ են, սակայն դրանք Ադրբեջանին փոխանցելու կամ զիջելու մասին խոսք չկա։ Չնայած Խծաբերդի մասին էլ նման բան չկար, բայց նրանք հարձակվեցին ու գրավեցին գյուղը», – ասաց Միրզոյանը։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում