Սույն թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԳԱԱ-ն:
Քննարկվեցին Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիները: Քննարկվեցին անվտանգության ապահովման, Արցախի կարգավիճակի հստակեցման, բանակի վերականգնման, ազգային արժեքների նշանակության բարձրացման, կրթության որակի բարձրացման հարցերը: Ընդգծվեց Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում Արցախի խնդրի շուրջ բանակցությունների վերսկսումը:
Վազգեն Մանուկյանը կարևորեց լեգիտիմ իշխանափոխության իրականացումը: «Առաջին տարում պետք է դրվի Հայաստանի ապագա ընթացքը, ինչպես պետք է մենք ունենանք ազգային ժողովրդավարական, լավ պաշտպանված, այս տարածաշրջանում դերակատարություն ունեցող երկիր», - ասաց նա:
ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը կարևորեց գիտության դերը երկիրը ծանր իրավիճակից դուրս բերելու հարցում: Նա նշեց, որ գիտության զարգացման համար անհրաժեշտ են պետական աջակցություն և ֆինանսական ներդրումներ, ինչն, ըստ էության, չնչին է եղել Խորհրդային Միության փլուզումից հետո: «Անգամ այդ սուղ միջոցներով էլ Հայաստանի գիտությունն ունի ձեռքբերումներ և առաջատար է Կովկասի երկրների շարքում: Մեր երկրի զարգացումը, ժողովրդի, պետության զարգացումը հնարավոր չէ առանց գիտության: Այսօրվա գիտությունը ենթադրում է մեծ խմբերի՝ գիտական կառույցների ներուժի համադրում, որ ստանան լուրջ արդյունքներ»,- ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը:
Ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Լենսեր Աղալովյանը, Յուրի Սուվարյանը, Էդուարդ Ղազարյանը, Աշոտ Սաղյանը, Գագիկ Ղազինյանը, Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արսեն Հախումյանը, ՀՀ ԳԱԱ Սփյուռքի բաժնի ղեկավար Վանյա Բարսեղյանը: