Շուշիի շրջանի Եղծահող գյուղում հակառակորդը երեկ դեկտեմբերի 16-ին, դիմել է սադրանքի. պահանջել՝ այսօր՝ մինչեւ ժամը 12։00-ը լքել տարածքը։ Այս մասին NEWS.am-ին պատմեց գյուղի բնակիչներից Ժիրայր Թաիրյանը։
«Իրենց դիրքերից հայտարարել էին, որ մինչեւ ժամը 12։00-ն լքենք տարածքը, դրան ի պատասխան՝ մեր զորքն ավելի ուժեղացրեց դիրքերը։ Այսօր ռուս խաղաղապահները եկան, այնտեղ բանակցություններ պետք է տեղի ունենային, սակայն հակառակորդի հրամանատարությունն այնտեղ չի։ Մնացել է վաղվան բանակցելը»,- նշեց նա։
Գյուղի բնակիչը նշեց, որ այսօր հանգիստ վիճակ է. հակառակորդն իր դիրքերում է։
NEWS.am-ի հետ զրույցում Շուշիի շրջանի Լիսագորի գյուղապետ Գագիկ Նասիբյանն ասաց, որ ռուս խաղաղապահներն այսօր եկել են իրենց գյուղ, վերահսկում են ճանապարհը։
«Մեզ մոտ նորմալ վիճակ է։ Հակառակորդն իր դիքերում է դիրքավորված, մերոնք էլ մեր դիրքերում՝ ռուս խաղաղապհների ներկայությամբ»,- ասաց գյուղապետը։
NEWS.am-ը զրուցեց նաեւ Շուշիի շրջանի Հին Շենի համայնքապետ Դավիթ Դավթյանի հետ։
Նա նշեց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ երկու կողմի զորքերն էլ գյուղի տարածքից հանելու. «Եվ հայկական զորքը պիտի հանեն եւ ադրբեջանական զորքը, որպեսզի մնան միայն ռուս խաղաղապահները»։
Համայնքապետի խոսքով՝ եթե ադրբեջանական զորքը հետ գնա, ապա հեռավորությունը գյուղից կլինի մոտավորապես 5 կիլոմետր։
Նա հայտնեց նաեւ, որ Մեծ Շեն համայնքը նույնպես դուրս է եկել ադրբեջանական շրջափակումից։
Նշենք, որ Հին Շենի գյուղապետը հայտնել էր, որ ադրբեջանցիները տեւական ժամանակ է, ինչ փակել էին Հին Շեն գյուղի ճանապարհը՝ ըստ էության, բնակիչներին թողնելով շրջափակման մեջ:
Հիշեցնենք, որ Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարը դեկտեմբերի 13-ին, հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումն առաջացել է դեպի Շուշիի շրջանի Մեծ Շեն եւ Հին Շեն բնակավայրերն իրար միացնող գյուղամիջյան ճանապարհ։