Վրաստանի իշխանությունները մտադիր են նոր կանոններ սահմանել օտարերկրյա համարներով երկիր մուտք գործող մեքենաների համար: Երկրի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, որն օտարերկրյա պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներին պարտավորեցնում է առնվազն 15 օր մնալու մտադրությամբ Վրաստան մուտք գործելու դեպքում ապահովագրել փոխադրամիջոցը:
Այժմ համապատասխան օրենքը, որն ուժի մեջ կմտնի մարտի 1-ից, պետք է ստորագրի երկրի նախագահը:
Ինչպես հայտնում է Tert.am-ը,այս մասին գրում է sputnik-georgia.ru կայքը, խոսքն ապահովագրական փաթեթի մասին է: Նշվում է, որ ապահովագրությունը կարելի է ստանալ սահմանային հսկիչ-անցակետում: Ապահովագրական փաթեթի արժեքը կախված կլինի փոխադրամիջոցի տեսակից ու ապահովագրման ժամկետից: Ավտոմեքենան հնարավոր կլինի ապահովագրել 15,30,90 օր կամ 1 տարի ժամկետով:
Ապահովագրությունը ծածկելու է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում կրած ինչպես ֆիզիկական, այնպես էլ նյութական վնասը: Առողջությանը հասցված ծանր վնասի դեպքում տրվում է ամբողջական փոխհատուցում, մինչդեռ միջին ծանրության դեպքում՝ 60%-ի և 30%-ի չափով:
Սակայն ապահովագրությունը չի փոխհատուցի ապահովագրված անձի միտումնավոր գործողությունների, վտանգավոր նյութերի տեղափոխման, ահաբեկչության, ռազմական գործողությունների, զորավարժությունների կամ փորձարկումների հետևանքով առաջացած վնասը:
Աղբյուրը մանրամասնում է, որ առանց ապահովագրման Վրաստանի տարածքում երթևեկող փոխադրամիջոցների վարորդները կտուգանվեն 100 լարիի (մոտ 40 դոլար) և 200 լարիի (մոտ 80 դոլար) չափով: Տուգանքի չափը պայմանավորված կլինի օրենքը խախտած մեքենայի տեսակից: