Հայաստանն այսօր ինքնիշխան պետություն չէ, նրա հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են, մեր սահմաններին պետք է զորք կանգնի, բայց մեր սահմանները որոշում է Ադրբեջանը, մենք որեւէ դիմադրություն չենք ցուցաբերում. սերունդների աշխատանքը ջուրն է նետվել, Նժդեհի պահած եւ պանթուրքիզմի ճանապարհը փակած Սյունիքն այսօր բաց է, այն Ադրբեջանի համար նույնիսկ ավելի կարեւոր է, քան Արցախը: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Նիկոլ Փաշինյանի իշխանավարումից մեկ ամիս անց ես ասում էի՝ Արցախի համար այնքան չեմ վախենում, որքան՝ Սյունիքի։ Թուրքերի ախորժակը չի փակվելու, Սյունիքն իրենց համար շատ կարեւոր է։ Մեր բանակն այսօր զրոյական վիճակում է, պետք է շտապ գնալ եռակողմ բանակցությունների՝ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան։ Փաշինյանն ինչպե՞ս պետք է Ալիեւի հետ բանակցի։ Պարտված, խեղճացած մարդը չի կարող բանակցել»,- ասել է քաղաքական գործիչը:
Ըստ Մանուկյանի՝ եռակողմ փաստաթղթի տակ պետք է հավելվածներ եւ քարտեզներ լինեին, բայց Ալիեւը համոզել է Փաշինյանին ստորագրել այն, մինչդեռ անորոշությունները պետք է օգտագործել, մեկնաբանել հօգուտ մեզ.
«Ադրբեջանն այսօր խոսում է ուժի դիրքից, մենք՝ պարտվածի։ Պետք է լինեն մարդիկ, որոնք կապ չունեն պարտության հետ։ Բանակը պետք է դեռեւս պատերազմի օրերին վերցներ իշխանությունը, նույնը պետք է կատարվեր Արցախում, այն ժամանակ դա լրիվ արդարացված կլիներ։ Գեներալները տեսնում էին, որ տրվող հրամանները կոտրում են մեր բանակի մեջքը։ Նիկոլ Փաշինյանի հրամանով իրականացված Ջաբրայիլի օպերացիան, օրինակ, կործանարար էր մեզ համար»:
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի համար Արցախը հայրենիք չէ, ու զարմանալի է՝ եթե Արայիկ Հարությունյանի համար հայրենիք է, ինչո՞ւ նա չէր դիմադրում հանցավոր հրամաններին. «Փաշինյանը ցուցակ էր տվել, թե որ գեներալներն իրավունք չունեն շտաբ մտնելու, օրինակ՝ Յուրի Խաչատուրովն ու Վիտալի Բալասանյանը։ Հավասարապես մեղավոր է նաեւ Արցախի ղեկավարությունը։ Այս փաստաթղթի հարվածը կործանարար էր մեզ համար, քանի որ խոսքի ազատությունն էլ էր սահմանափակված, մեզ ստում էին պատերազմի ընթացքում»:
Վազգեն Մանուկյանի պնդմամբ՝ ՀՀ-ն Արցախին որպես սեփական մարզի էր վերաբերվում, հիմա էլ վիճաբանում են՝ սա տգիտությա՞ն, թե՞ կազմակերպված դավաճանության հետեւանք էր. «2018-ի իշխանափոխությամբ տրվեց Արցախի հանձնման ծրագրի մեկնարկը, եւ դա փայլուն իրականացվեց։ 2018-ից Հայաստանի նոր գաղափարախոսությունից ամբողջությամբ հանվեց ազգայինը, Արցախը խանգարում էր, պետք էր բանակը չեզոքացնել։ Նիկոլ Փաշինյանին շատ է դուր եկել իշխանությունը, նա որեւէ կերպ չի ուզում գնալ։ Շատ երկրների ձեռնտու է Հայաստանն օգտագործել որպես գործիք, ոչ թե լուրջ, արժանապատիվ եւ հավասար խոսակցություն ունենալ մեզ հետ։ Բայց ոստիկանությունը, բանակը, դատախազությունը, մնացած բոլոր կառույցները Փաշինյանի տակից գնում են, հրամանները չեն կատարվում, ուզի, թե ոչ՝ նա հեռանալու է»: