Նիկոլ Փաշինյանը այսօր սգո երթ էր կազմակերպել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգելու Արցախյան պատերազմում զոհված տղաների հիշատակը: Սգո երթը, սակայն, շատ տարակուսելի ստացվեց՝ վերածվեց վարչապետ Փաշինյանի բենեֆիսի, քանի որ ակնհայտ վարչական ռեսուրսով հավաքված մասնակիցները մերթ ընդ մերթ վանկարկում էին՝ Նիկոլ վարչապետ, կարծես մոռանալով, թե ինչի համար են հավաքվել:
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, որ միակ ղեկավարն է ՀՀ նորանկախ պատմության մեջ, ով հեծանիվով է գնում աշխատանքի: Այժմ կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ միակ ղեկավարն է, ով սեփական ժողովրդի մեջ է դուրս գալիս հարյուրավոր թիկնապահներով շրջապատված, զրահապատ մեքենաներով, շենքերի կտուրներին տեղակայված անթիվ դիպուկահարներով, անձրևանոցներում պահված զենքով, Երևանի մեկ կետից մյուսը հասնելու նպատակով՝ ամբողջ Երևանը փակելով: Ժողվարչապետը, ընդամենը, 2.5 տարում դարձավ սեփական ժողովրդից վախվորած դասական պաշտոնյայի:
Նիկոլ Փաշինյանը միակ վարչապետն է, ով ստիպված է եղել գրոհով վերցնել Եռաբլուրը, թավշյա ոստիկանապետության լավագույն ավանդույթներով ոտնակոխ անելով այնտեղ հավաքված ժողովրդին, վիրավորելով ազատամարտիկներին, զոհված տղաների կանանց, երեխաներին, մայրերին: Նիկոլ Փաշինյանը կրկին ապացուցեց, որ չունի կարմիր գծեր և իր իշխանությունը պահելու համար չի խորշելու գնալ քաղաքացիական պատերազմի: Անշուշտ նա ուներ ընտրություն՝ գնալ այս երթին, թե ոչ: Նա նախընտրեց գնալ՝ ապացուցելու համար «հանրային աջակցության» մակարդակը, այդ ընթացքում կազմակերպելով սեփական մեծարման երեկոն, այդ նպատակով գործի դնելով Լեյլա տատիկին և վարչական ռեսուրսի գործադրմամբ հավաքված անձանց: Փաշինյանը չի հրաժարվում հասարակությանը պառակտելու իր ծրագրից, սևերին ու սպիտակների բաժանելուց հետո այժմ էլ հանրությունը բաժանվում է էլիտայի ու այսպես կոչված՝ ժողովրդի:
Այս ամենը խոսում է միայն մեկ բանի մասին՝ Մարտի 1-ի ծրագիրը շարունակվում է, արդեն Նոր Հայաստանում...