Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ' Կարսի Պետական ջրային գործերի տարածաշրջանային պետ Հայաթի Չելենքը հայտարարել է, որ Հայաստանի սահմանի մոտ, Արաքս գետի վրա պետք է կառուցվի ջրամբար: Նա մանրամասնել է, որ դա կառուցվելու է Իգդիրի նահանգի Թուզլուջա (Կողբ) շրջանի Վերին Չըյրըքլը գյուղի մոտ' Հայաստանի հետ սահմանից ընդամենը 1200 մետր հեռավորության վրա:
Չելենքի խոսքերով' պլանավորված է, որ ամբարտակի բարձրությունը կազմելու է 45 մետր, իսկ հավաքված ջրով ոռոգվելու է Իգդիրի հովիտը. «Թուրքիայում ջրամբար չունեցող միակ նահանգն Իգդիրի նահանգն է: Իգդիրի հովտում ջրի պակաս է զգում մոտ 700.000 հեկտար հողատարածք:
Արաքս գետով տարեկան անցնում է 1 միլիարդ և 600 միլիոն խորանարդ մետր ջուր: Իգդիրի ջրամբարում կամբարվի 285 միլիոն մետր խորանարդ մետր: Այս նախագիծն ընթանում է արագ տեմպերով: Նախագծի իրագործման տենդերը կանցկացվի այս տարի»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ NEWS.am-ի հետ զրույցում Արաքս գետի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը հայտարարել էր, որ Թուրքիան Արաքս գետի վերին հոսանքներում կառուցում է ջրամբարներ, որոնք կարող են էապես ազդել Արաքս գետի թողունակության վրա.
«Արդեն կառուցվել է 2 ջրամբար. Շիրիմքյուի ջրամբարը՝ 1.9 միլիոն խորանարդ մետր տարողությամբ, և Բայբուրդի ջրամբարը՝ 52 միլիոն խորանարդ մետր տարողությամբ: Այս տարի կավարտեն Կարսի ջրամբարի կառուցումը՝ 332 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ:
Նախատեսվում է կառուցել Կարակուրդի ջրամբարը՝ 1 միլիարդ խորանարդ մետր տարողությամբ: Վերջինս պետք է ունենա նաև էներգետիկ նշանակություն: Այսպիսով՝ Թուրքիան հնարավորություն կստանա ամբարել մոտ 1.4 միլիարդ խորանարդ մետր ջուր, այնինչ Արաքսի թողունակությունը 2.5 միլիարդ խորանարդ մետր է:
Ջրօգտագործման բնագավառում Հայաստանն ու Թուքրիան ունեն 2 պայմանագիր: Առաջինը ստորագրվել է 1927 թվականին՝ նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև: Դա սահմանային գետերի և գետակների մասին կոնվենցիա է, որը վերաբերում է միայն սահմանային ջրերին՝ Ախուրյան:
Կա մեկ այլ համաձայնագիր ԽՍՀՄ-ի և Թուրքիայի միջև՝ կնքված 1973 թվականին՝ Ախուրյան գետի վրա Ախուրյանի ջրամբարի պատվարը կառուցելու մասին: Այդ ջրամբարում տարեկան կուտակվում է 530 միլիոն խորանարդ մետր ջուր, որը կիսվում է երկու երկրների միջև:
Թուրքիայի հետ իրավական խոսակցություն կարող ենք սկսել, եթե Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուքրիան ստորագրի 3 համաձայնագիր, այդ թվում՝ Օրհուսը, Հելսինկյան ակտը և այլն: Այդ համաձայնագրերում ներառված է 1997 թվականին ստորագրված ոչ նավարկային գետերի ջրերի օգտագործման կոնվենցիան, որը Թուքրիան չի ստորագրել:
Եվ եթե նա անդամակցի ԵՄ-ին, ապա ստիպված կլինի ստորագրել դա: Թուրքիայի ջրային քաղաքականությունը վնասում է Սիրիային, Հայաստանին, Իրաքին, Իրանին, Վրաստանին, անգամ՝ Ադրբեջանին»: