Բնապահպանական տեսուչները կատարել են ուսումնասիրություն Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա»-ի տարածքում և փաստել, որ փայտե տաղավարը կառուցվում է հուշարձանից 12 մետր հեռավորության վրա, որը հանդիսանում է սեփական տարածք: Այս մասին ասաց ՀՀ ԲՆ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:
Նրա խոսքով` այս «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչները Գառնիի կիրճում գտնվող «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանի մոտից վերադարձել են: Նախնական տեղեկությունների համաձայն` շինությունը կառուցվում է սեփական տարածքում, որը չի հանդիսանում բնության հատուկ պահպանվող տարածք: Շինությունը գտնվում է «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանից 12 մետր հեռավորության վրա: Անձը սեփականության իրավունք ստացել է դեռևս 2008 թվականին: Իսկ համացանցում շրջանառվող լուսանկարը այնպիսի տպավորություն է ստեղծում, որ շինությունը գտնվում է հենց «Քարերի Սիմֆոնիա» հուշարձանի տարածքում»,- ասաց Վարդանյանը:
Այս պահին պատրաստվում են այնտեղ այցելել նաև Բնապահպանության փոխնախարարը և Կենսառեսուրսների կառավարման գործակալության հատուկ պահպանվող տարածքների բաժնի պետը` տեղում ուսումնասիրություններ կատարելու համար:
Հունվարի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը ահազանգել էին բնական հուշարձան համարվող Գառնիի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա»-ի մոտ շինարարական աշխատանքի մասին: Նրանք լուսանկարներ էին տարածել և նշել, որ տեղյակ չեն, թե ովքեր են կառուցողները, և, ընդհանրապես, ինչ է կառուցվում բնական հուշարձանի տարածքում: Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանը նշեց, համայնքի բնակչի սեփականություն հանդիսացող տարածքում ոչ հիմնական շինություն է կառուցվում` փայտից տաղավարներ, որը «Քարերի Սիմֆոնիա»-ի դիմացի ճանապարհի մյուս կողմում է գտնվում: