Կոտայքի մարզի Գառնի գյուղի «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձանն առայժմ չի վնասվում, քանի որ խանգարում է ձնածածկույթը: Այս մասին galatv.am-ին ասաց բնապահպան-ակտիվիստ Սարմեն Շահիջանյանը: Անցած տարի' 2012 թ-ի նոյեմբերի 29-ին, նա և մի քանի այլ ակտիվիստներ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ահազանգել էին, որ հուշարձանը շարունակում է ծառայել որպես մեծահարուստների առանձնատների շինանյութ: Այդ մարդկանց թվում է նաև Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, թեև նա իր տունը կառուցել է 2007 թվականին, երբ դեռ «Քարերի սիմֆոնիա»-ն հուշարձանի կարգավիճակ չուներ: Այս դեպքից հետո ոստիկանության Կոտայքի բաժինը «հանկարծակի» պարզել է տվյալ անձանց ինքնությունը:
«Նույն գիշերը ճանապարհի երկայնքով թափված քարերը տարել էին: Դրանից հետո մի քանի շաբաթ հսկեցինք, բայց ձյունածածկույթ էր: Այնուհետև մեզ պատասխանեց ոստիկանությունը' նշելով, որ մեր օգնությամբ կարող են դա կանխել»,- ասաց նա:
Ըստ Շահիջանյանի, դա կանխելու հեշտ ձև ունի՝ պարզապես պետք է խողովակներով այնպես ցանկապատել, որ մեքենան տարածք չկարողանա մտնել, որովհետև այն ձեռքով տանելն անհնար է: