Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նախորդներից ժառանգել էր Սյունիքի մարզում իրականացվելիք բավական ամբիցիոզ նախագծեր, որոնք կարող էին իրապես դառնալ մարզի զարգացման գրավականներ: Սակայն, իշխանության գալուց ի վեր Փաշինյանը և իր թիմը ոչ միայն վիժեցրել են այդ ծրագրերը, այլ իրենք էլ, որպես նոր և հեղափոխական թիմ, ոչինչ չեն արել Սյունիքի մարզում լուրջ տնտեսական նախագծերի իրականացման համար: Այսօր, երբ Արցախում և Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հետադարձ հայացք ենք գցում Փաշինյանի վարած այդ քաղաքականությանը, շատ բան, կարծես թե, պարզ է դառնում:
Օրինակ՝ Փաշինյանը, ըստ էության, հրաժարվեց Մեղրիի ազատ տնտեսական գոտուց` նախընտրելով հարյուրավոր միլիոններ ծախսել Գյումրիի ԱՏԳ կառուցման համար: Ինչո՞ւ: Այս հարցին դժվար է պատասխանել, քանի որ որևէ պատասխան տրամաբանորեն չի հնչի, տնտեսական բոլոր հաշվարկներով՝ Մեղրու ԱՏԳ-ն Սյունիքի մարզի զարգացման գրավականն էր դառնալու: Գուցե Փաշինյանի պլանների մեջ այդ զարգացումը չէ՞ր մտնում: Դրանով էր նաև պայմանավորված Մեղրու ԱՏԳ շուրջ արհեստական սկանդալի ստեղծումը: Ասուլիսներից մեկի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով ԱՏԳ հարակից տարածքի հողերը կոպեկներով գնել և սեփականաշնորհել են նախկին պաշտոնյաները: Իհարկե, այդպես էլ ասվածի որևէ ապացույց չբերվեց և որևէ պաշտոնյա չմեղադրվեց Փաշինյանի նախանշած հանցանքը կատարելու համար:
Կապանի օդանավակայանի արդիականացումը նույնպես նախորդ իշխանությունների առաջնահերթություններից մեկն էր հանդիսանում, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այս հարցում ի սկզբանե ոտքը կախ գցեց և այսօր հասկանալի է, թե ինչու. Կապանի օդանավակայանից ընդամենը մի քանի մետրի վրա արդեն իսկ ադրբեջանական զորքերն են և դեռ հստակ չէ՝ ում վերահսկողության տակ է մնալու ինքը` օդանավակայանը:
Փաշինյանը նաև սկանդալային հայտարարություններ է արել՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ` վերջիններիս բաժնետերերին մեղադրելով կոռուպցիոն գործարքների և նախկինների հետ կապի մեջ:
Այս կառավարությունը վիժեցրեց նաև Կապանում ցեմենտի գործարանի կառուցման ծրագիրը: Ջրվեց Գորիսում հյուրանոցային թաղամասի կառուցման ծրագիրը:
Հայաստան –Իրան երկաթուղու կառուցման նախագիծը նույնպես գրվեց սառույցին, չնայած նախագծի իրականացման և իրագործման համար առկա էին բոլոր նախադրյալները:
Հայ-իրանական ՀԷԿ-ի կառուցման նախագիծը, որը կարող էր դառնալ Սյունիքի համար տնտեսական հեղափոխություն՝ կառավարությունը մի կողմ դրեց, այն ժամանակ նման նախագծից հրաժարվելու պատճառները հասկանալի չէին, այսօր ավելի քան հասկանալի են;
Ահա նման մեգա նախագծերը վիժեցնելու դիմաց ինչ է արել Փաշինյանի կառավարությունը Սյունիքի համար: Դիցուք՝ ասֆալտապատել է Քաջարան-Մեղրի 10 կմ ճանապարհը, բացել է մեկ նոր մանկապարտեզ, Մ-2 մայրուղուն հարող տարածքում կառուցվել է բերքի իրացման շուկա, Ագարակում կառուցվել է 4 ջրավազան: Ինչ խոսք՝ ահռելի աշխատանք է կատարվել…
Ինչպես երևում է` Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, առանձնահատուկ պլաններ Սյունիքի մարզի հետ չի կապել: Ինչո՞ւ: Փաշինյանը 2018-ին գիտեր այն, ինչ հասարակությունը չէր իմանում և նոր է հասկանում, թե ինչ է իրականում տեղի ունենում: Իսկ գուցե Սյունիքի հանձնումը սկսվել է ոչ թե մեկ ամիս, այլ 2.5 տարի առաջ՞…