Նիկոլ Փաշինյանի իշխանության 2.5 տարիները աչքի ընկան մի մարտավարությամբ, որը լակմուսի թղթի պես է անցնում այս կառավարության գործունեության միջով: Այդ մարտավարությունը հայտնի է որպես բաժանիր և տիրիր սկզբունք: Նիկոլ Փաշինյանը բաժանում է հայ ժողովրդին, որպեսզի տիրի և իրականացնի այն ծրագրերը, որոնց իրականացման համար էլ 2018-ին եկել է իշխանության:
Անմիջապես հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց սևերի և սպիտակների կեղծ օրակարգը: Ավելորդ է ասել, որ սա պարզ քաղաքական մանիպուլյացիա էր, որի նպատակը հասարակության մի հատվածին մյուսի դեմ հանելն էր: Դա Փաշինյանի մոտ, ցավոք, ստացվեց և թերևս միայն բախտի բերմամբ է, որ իրադարձությունները չզարգացան այն հունով, որոնք կարող էին հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Սևերի և սպիտակների պատերազմի բացումը պաշտոնապես արեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը դեռ 2018 թվականին: Նրա սկանդալային հայտարարությունները շատերը որակեցին անփորձության հետևանք, և միայն այսօր ենք հասկանում, որ իրականում գործ ունեինք հասարակության մի ստվար հատվածի տրամադրությունների և կարծիքի կազմակերպված մանիպուլյացիայի հետ:
Նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Փաշինյանը չի փոխել իր այս մարտավարությունը: Պարզապես սևերին և սպիտակներին փոխարինելու են եկել էլիտան և ժողովուրդը: Ինքը' Փաշինյանը, իհարկե, ժողովուրդն է, այն խեղճ ժողովուրդը, որից էլիտան փորձում է ծլել իշխանությունը: 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի: Ընդ որում, ըստ վարչապետի, խոսքն ամենևին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչև 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն: «Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը: Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության և ընդդիմության միջև է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» և ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետև եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող», - գրել է Փաշինյանը։
Ինչպես տեսնում ենք՝ ձեռագիրը նույնն է, նպատակը' նույնպես; Այսօր, պատերազմից բզկտված հասարակությանը միավորելու փոխարեն, երկրի թիվ մեկ դեմքը կրկին անում է ամեն ինչ այդ հասարակությանը կեղծ օրակարգերով էլ ավելի բաժանելու համար: Սակայն, Փաշինյանը կարող է բախվել մեկ այլ խնդրի, երբ իր կեղծ օրակարգը և մանիպուլյացիաները այլևս անիմաստ են դառնալու: Բանն այն է, որ հասարակության մի հատվածին այսպես կոչված' նախկիններով վախացնող Փաշինյանը բախվելու է մի իրականության, որտեղ քաղաքական դաշտ են մտնելու նոր քաղաքական ուժեր, որոնք որևէ կերպ կապված չեն լինելու ոչ նախկինների, ոչ ներկաների հետ: Իսկ այդպիսի ուժերի ձևավորման անհրաժեշտությունը այսօր հստակ հանրային պահանջ է: Հետաքրքիր է, իսկ այդ ժամանակ ի՞նչ է հնարելու Փաշինյանը, ում և ում դեմ է հանելու, իսկ որ փորձելու է՝ դրանում կասկած չկա: Կան քաղաքական գործիչներ, որոնք մինչև իրենց քաղաքական կարիերայի ավարտը՝ սովորաբար տխուր ավարտը, հավատարիմ են մնում նույն ձեռագրին…