Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Սաղաթելյանը նշել է, որ դա հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում իր ունեցած ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել։
«Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը։
Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ։
Բոլոր հայրենակիցներին ժամը 16։00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»,- հավելել է նա։