Մեկ ժամ առաջ ադրբեջանցիները ռուս խաղաղապահների հետ Շուռնուխ գյուղում էին, հիմա արդեն հեռացել են գյուղից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետը՝ Հակոբ Արշակյանը։
Վերջինս նշեց, որ նրանք եկել էին Շուռնուխ՝ իրենց սահմանի կետերը դնելու. «Ամբողջ ներքևի թաղամասը GPS-ով ցույց է տալիս, որ իրենցն է: Իրենց սահմանը լինելու է մեր մայրուղին: Մեզ ասացին, որ ամեն ինչ լավ է լինելու, և գյուղը մնալու է մեզ: Մնում է սպասենք, տեսնենք՝ ինչ է լինում. մնո՞ւմ ենք այստեղ, թե՞ մեզ էլ են ժամանակ տալու՝ գյուղը դատարկելու»,- նշեց Շուռնուխի գյուղապետը:
Մեր այն հարցին, թե բնակիչների մոտ արդյոք խուճապ չկար, գյուղապետը պատասխանեց, որ գյուղացիները իրավունք չունեին ադրբեջանցիներին մոտենալու, սակայն գյուղում խուճապ առաջացավ միայն նրանց գնալուց հետո. «Իրենց գնալուց հետո այստեղ հավաքվեցին գյուղացիները, մարդիկ շատ անհանգստացած են: Նրանց գծած սահմանը շատ մոտ է գտնվում բնակավայրերին, այն անցնում է գյուղի մեջտեղով: Վերևի թաղի բնակչի բոստանի տակը արդեն լինում է ադրբեջանցու սահմանը»,- նշեց Հակոբ Արշակյանը:
Իսկ վերջում գյուղապետը հայտնեց, որ իրենք պատրաստ են զենք վերցնելու և պաշտպանելու իրենց գյուղը, եթե դրա անհրաժեշտությունը լինի:
Զվարթ Պետրոսյան