Մոտ մեկ ժամ GPS-ով սահմանների ճշտում անելուց հետո՝ ադրբեջանական, ռուսական ներկայացուցիչներն ու մեր սահմանապահները լքել են Շուռնուխի տարածքը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։
«Անձամբ ես ներկա չեմ եղել, չեմ կարող ասել՝ ինչ արդյունքի հասան։ Ոչ մեկին ոչինչ չեն ասել, որ, օրինակ, պատրաստվեք, տեղափոխվելու եք եւ այլն։ Ընդամենն իրենք իրենց մեջ սահմանների ճշտում արեցին ու գնացին»,- նշեց Արշակյանը։
Շուռնուխի գյուղապետի խոսքով՝ այս պահին գյուղում իրավիճակը նորմալ է, խուճապ չկա։
«Ամեն մարդ իր տանը նստած է՝ մարտական տրամադրությամբ, պատրաստ են, որ էդ հողերը չզիջեն։ Տեսնենք՝ վերջնական ինչ որոշում կլինի, կհասկանանք»,- ընդգծեց նա։
Ավելի վաղ Շուռնուխի գյուղապետը մեզ հետ զրույցում ասել էր, որ ադրբեջանցիները Շուռնուխում են, սահմանազատման աշխատանքներ են իրականացվում։