Հանրային հեռուստաընկերության Գորիսի թղթակից Արևիկ Աբելյանն աշխատանքից ազատվել է։ Լրագրողն իր ֆեյսբուքյան էջում տեղադրելով Հ1-ից ստացված նամակը, գրել է․ «Նամակ Հ1-ից, հերթը ինձ էլ հասավ․․․ քաղաքականացնել»։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Արևիկ Աբելյանը վստահեցրեց, որ աշխատանքից ազատվել է քաղաքական տեսակետների համար։ «Հաճախ են մարդիկ անձին նույնացնում լրագրողի հետ։ Ես երբևէ չեմ խառնել իմ հայացքները մասնագիտության հետ։ 16 տարի է` լրատվական դաշտում եմ, երկար տարիներ աշխատել եմ տեղական «Լաստ» հեռուստաընկերությունում, համագործակցել եմ «Հ2», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ և լավ տիրապետում եմ լրագրողական էթիկային։ Երբեք չպատկանելով ոչ մի կուսակցության՝ մշտապես բացահայտ արտահայտել եմ իմ կարծիքը՝ չխառնելով մասնագիտության հետ»։ Կայքի հարցին, թե, ըստ իրեն, ի՞նչն է առիթ հանդիսացել Հ1-ի կողմից նման որոշում կայացնելու, Արևիկ Աբելյանն ասաց։
«Ես սյունեցի չեմ, Վանաձոր քաղաքից եմ, ամուսնացել եմ հրաշալի գորիսեցու հետ և երկար տարիներ բնակվում եմ Գորիսում։ Շատերը գիտեն, որ Սյունիքն ու Գորիսը ահավոր շատ եմ սիրում, և ինձ համար ցավ է այս անզուգական հողի անգամ մեկ մետրի կորուստը։ Փաշինյանի այցի օրը, երբ փակվեցին ճանապարհները, ես նույնպես այնտեղ եմ եղել և իմ անձնական էջով, ուղիղ եթերի միջոցով հեռարձակել եմ ընթացքը։
Երեկ Տեղ համայնքում էի, ՊՆ-ից մարդիկ կային, դիմեցի իրենց, որ լուսաբանեմ։ Իրենք թեման էլ չհարցրեցին։ Միանգամից մերժեցին։ Հասկացա, որ հաջորդ քայլը այս նամակն է լինելու»։ Արևիկ Աբելյանը զրույցի մեջ նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքի է անցել հեղափոխությունից հետո՝ իրենց առաջարկով։ Նա Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցի մամլո խոսնակն է, որը նույնպես միացել է վարչապետի հրաժարականը պահանջող սյունեցի համայնքապետերին։
«Հրապարակը» կապ հաստատեց նաև Հանրային հեռուստաընկերության աշխատակից Արմինե Հակոբյանի հետ, ով լրատվական հաղորդումների պրոդյուսերի անունից նշված բովանդակությամբ նամակ է ուղարկել Արևիկ Աբելյանին։ Արմինե Հակոբյանը «Հրապարակին» ուղղորդեց կապ հաստատել հեռուստաընկերության փիառ բաժնի պետ Մարտինա Սարդարյանի հետ, քանի որ, իր խոսքերով, իրավասու չէ պատասխանելու նման հարցերի։
«Փիառ բաժնի պետը, լսելով մեր հարցը, խնդրեց այն ձևակերպել գրավոր, ուղարկել Հանրային հեռուստաընկերության էլեկտրոնային փոստին, որին կպատասխանեն իրավասու մարմինները։
ՀԳ․ Հանրային հեռուստաընկերության կողմից պատասխան ստանալու դեպքում այն կհրապարակենք»,- գրում է կայքը։