Քաղաքացիների մոտ լարված և անհանգիստ վիճակ է, տիրում է անորոշություն: Մարդիկ չգիտեն՝ հետագայում ինչ է իրենց սպասվում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:
Վերջինս նշեց, որ իշխանության ներկայացուցիչների ներկայությունը, բացառությամբ ՊՆ-ի և ԱԱԾ-ի, մնացած բոլոր դեպքերում չկա. «Այնպիսի դեպք չի եղել, որ իշխանության ներկայացուցիչները գան և փորձեն, թեկուզ, Կապանում բնակիչներիր հետ հանդիպեն, բացատրական աշխատանքներ տանեն, կամ ուղղակի մասնակցեն GPS-ով կատարվող սահմանազատումներին»,- նշեց Կապանի քաղաքապետը:
Փարսյանը ասաց, որ իմքայլականներից իր հետ դեկտեմբերի սկզբից կապը պահում է միայն Արմեն Խաչատրյանը, զանգահարում է և փորձում է ինչ-որ կերպ օգտակար լինել. «Բայց ինքը չի կարող որևէ հարցում օգնել: Բնականաբար պետք է լինի բանակցային լուրջ խումբ, որի արդյունքում դրական արդյունքներ կարձանագրենք, բայց ոչ բանակցություններ ենք տեսնում, ոչ էլ այդ լուրջ բանակցային խումբ»,- ընդգծեց նա:
Նա հայտնեց, որ շատ խնդիրների լուծումը տեսնում է Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականով: Ըստ Գևորգ Փարսյանի՝ այս իշխանությունը արդեն իրեն սպառել է, և հետևաբար չունի հեղինակություն, թե՛ միջազգային հարթակում, և թե՛ որպես բանակցային կողմ. «Մեզ պետք է նոր իշխանություն՝ նոր վարչապետով և հեղինակությամբ, որը մեզ համար որոշակի դրական արդյունքներ կարձանագրի»,- ասաց Գևորգ Փարսյանը: