Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվի հակահայկական ջարդերի 31-ամյակի կապակցությամբ:  

«31 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես դարձավ Ադրբեջանում հայ ժողովրդի դեմ հերթական ոճրագործության. օրեր շարունակ Ադրբեջանի մայրաքաղաքում առանձնակի դաժանությամբ իրականացվեցին Բաքվի բազմամշակութային դիմագծի առանցքը հանդիսացած հայ բնակչության ջարդերը ու զանգվածային տեղահանումները: Եղան հարյուրավոր սպանվածներ, անդամախեղվածներ և անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ: 1990թ. հունվարին Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը:

 

Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության թիրախում էր ոչ միայն դարեր շարունակ Բաքվում ապրած և արարած հայ բնակչությունը, այլև քաղաքի հայկական պատմամշակութային ժառանգությունը:

Մինչ օրս պատասխանատվության չեն ենթարկվել Բաքվի հակահայկական ջարդերի կազմակերպիչները և իրականացնողները, ովքեր շարունակվում են փառաբանվել որպես հերոսներ: 

Ավելին, մինչ օրս Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումների և հայաթափման այդ քաղաքականությունն Արցախի նկատմամբ: Վերջինիս վառ վկայությունն է այսօր Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքների լիակատար հայաթափումը, որն իրականացվել է զանգվածային պատերազմական հանցագործությունների և էթնիկ զտումների միջոցով:

Այսօր հարգանքի տուրք մատուցելով Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին՝ ևս մեկ անգամ ընդգծում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ողջ աշխարհասփյուռ հայության միասնական հանձնառությունը` երաշխավորելու  իր հայրենիքում ազատ, անվտանգ և արժանապատիվ ապրելու հայ ժողովրդի իրավունքը»: