Այսօր «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից հետո ՀՀ զինվորական նախկին դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ասաց՝ ուրախ կլինի Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվել ոչ միան իշխող ուժի, այլ նաև «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից։ Արդյոք վերջիններս քննարկումներ ունեցել են այս հարցի շուրջ, թե ոչ՝  փորձեցինք պարզել խմբակցությունների պատգամավորներից։ 
 
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ վաղը՝ հունվարի 14-ին, Գագիկ Ջհանգիրյանը հանդիպելու է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ․ «Առաջադրելու թեմա չկա, առաջադրվել, վերջացել է։ Վաղը կգա, կզրուցենք, կհասկանանք՝ ինչ է ակնկալում մեզնից։ Քվեարկության ժամանակ, եթե կողմ են լինում, ապա կողմ են քվերակում, եթե ոչ, ապա դեմ են քվեարկում, եռակողմ առաջադրելու մեխանիզմը չեմ հասկանում։ Վաղը կգա, կհասկանանք՝ ինչն է խնդիրը։ Ինչ վերաբերում է օրենքի խախտմամբ Գագիկ Ջհանգիրյանին առաջադրելուն, ապա տարիքային հարցն է քննարկվում, այնտեղ իրավական վեճ կա, պետք է հասկանալ՝ դատավորի ու իրավաբան-գիտնականի պահանջները նո՞ւյն է, թե՞ ոչ»,- ասաց Սիմոնյանը։ 
 
Մեզ հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը հայտնեց, որ այս պահին Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման որոշում չկա։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշեց՝ խմբակցությունում նման հարց չի քննարկվել․ «Ես առաջին անգամ եմ լսում, որ Գագիկ Ջհանգիրյանն ինչ-որ տեղ առաջադրվում է։ Բացարձակապես տեղյակ չեմ պարոն Ջհանգիրյանի առաջադրման իրավական գործընթացներից, որովհետև ես կարծում եմ, որ մեր երկրում այսօր մեկ խնդիր կա՝ Նիկոլ Փաշինյանի րոպե առաջ հեռացումը, մնացածը այս կարևոր խնդրից ուշադրությունը շեղելու մանևրներ են և չեմ էլ ցանկանում մեկնաբանել երկրի համար այս կարևոր խնդրից բացի որևէ այլ հարց։ Ինձ համար չկա երկրորդ, երրորդ, չորրորդ․․․ տասներորդ հարց, ինձ համար կա մեկ հարց, եթե մենք ուզում ենք փրկել Հայաստանի պետականությունը, ապա Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Իսկ, թե ով կառաջադրվի, ինչ կանի, դրանք այլևս անկարևոր հարցեր են»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Զոհրաբյանը։ 
 
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 13-ին «Իմ քայլը» խմբակցությունը որոշում է կայացրել ԲԴԽ անդամի առաջին թափուր տեղի համար առաջադրել Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Սակայն, վերջինիս կողմից տվյալ պաշտոնը զբաղեցնելը տարատեսակ քննարկումների առիթ է տվել։ Մասնավորապես, նշվում է, որ Ջհանգիրյանը 66 տարեկան է, ինչը ենթադրում է, որ նրա նշանակումը կարող է լինել օրենքի խախտումով, քանի որ տարիքային շեմը չի համապատասխանում։ Օրենսգրքի 97-րդ հոդվածը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, որտեղ նշվում է՝ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք: 
 
Անդրադառնալով օրենքի խախտման վերաբերյալ քննարկումներին Գագիկ Ջհանգիրյանը նշել է, որ Սահմանադրության և Կանոնակարգ օրենքի համաձայն՝ իրավաբան-գիտնականը որևէ այլ ճանապարհ չունի ԲԴԽ կազմում հայտնվելու, բացի խմբակցության կողմից առաջադրվելը: Այդ որոշումը հիմա է կայացրել է, քանի որ իր 65 տարեկանը արդեն լրացել է և տվել է իր համաձայնությունը ԲԴԽ իրավաբան-անդամ առաջադրվելու։

Նշենք, որ ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուին անհրաժեշտ է ԱԺ պատգամավորների թվի 3/5-ից ավելիի «կողմ» ձայները: