Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Վարդան Ղուկասյանը հայտարարություն տարածեց, որ «Հանրային ձայն» խմբակցությունը այլևս չի մասնակցելու Երևանի ավագանու նիստերին։
Հայտարարությունից հետո Երևանի ավագանու ընդդմադիր խմբակցությունները՝ «Ազգային առաջընթաց»-ը և «Մայր Հայաստան»-ը, որոշել են միանալ բոյկոտին: Այսօր տեղի է ունեցել իրավական հանձնաժողովի նիստ, որին ընդդիմադիրներից ոչ ոք ներկա չի եղել և այն չի կայացել։ Նրանք մտադրված են նաև ավագանու երեք նիստերին չներկայանալ:
Նկատենք, որ ավագանու երեք նիստերին չմասնակցելու արդյունքում քվորում չի ապահովվի, ավագանին կցրվի եւ հնարավոր կլինի կազմակերպել նոր ընտրություններ։
Ավելի վաղ' Վարդան Ղուկասյանը հայտարարել էր.
«Սիրելի Երեւանցիներ, շուրջ 23.000 մեզ վստահողներ: Ես՝ Վարդան Ղուկասյանս, ուզում եմ տեղեկացնել իմ հետեւյալ ՔԱՂԱՔԱԿԱՆ որոշման մասին: Հավատացեք, որ ամեն ջանք գործադրել եմ երեւանցիների հոգսերը հնարավորինս թեթեւացնելու համար:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, փետրվարի 7-ին ՔՊ գումարած արտահերթ նիստի օրակարգը, եկել եմ մի անխուսափելի որոշման: Այժմ ԵՐԵՒԱՆՈՒՄ արտահերթ խնդիր եմ համարում Ավինյանին եւ իր ՔՊ թիմին: Ուստի իմ որոշմամբ, Հանրային Ձայն ֆրակցիան այլեւս չի մասնակցելու ոչ մի ավագանու նիստի: Երեւանում պետք է անցկացվի ԱՎԱԳԱՆՈՒ նոր ընտրություններ»,- նշել էր նա: