Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պնդում է, որ Երևանի ավագանու նիստերը դռնփակ չեն կարող լինել: Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանը նշեց, որ նման կարգավորումը իր համար անընդունելի կլինի: «Մենք այդ հարցի վերաբերյալ հայտարարություն ենք տարածել, որում նշել ենք, որ ի գիտություն ենք ընդունել Երևանի քաղաքապետարանի հայտարարությունն այն մասին, որ ինչ կարգավորում էլ լինի, այն չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման»,- ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Նրա խոսքով' Երևանի ավագանու վերջին սկանդալային նիստից հետո իրենք լրագրողներին պետական մարմիններից օտարելու միտում են զգացել, ինչը որևէ կերպ չի կարելի թույլ տալ: «Մենք հստակ ձևակերպել ենք, որ լրագրողին երբեք չի կարելի ընկալել, որպես բարիկադի հակառակ կողմում գործող անձ: Լրագրողին պետք է վերաբերվել նրա ազնվության և բարեխղճության կանխավարկածով, որովհետև լրագրողը ունի օրենքին համապատասխան և բարեխղճությամբ գործելու կոչում: Լրագրողը կատարում է կարևոր հանրային գործառույթ: Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ հետաքրքրված է հասկանալ, թե պետական այս կամ այն գործառույթը ինչպես է իրականանում. վերջնական հասցեատերը քաղաքացին է, իսկ փոխանցողը' լրագրողը»,- ասաց նա:
Անդրադառնալով կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշմանը' Արման Թաթոյանն ընդգծեց, որ այդ հարցի հետ կապված միջազգային փորձի մանրամասն ուսումնասիրություն են իրականացրել: «Գլխավոր խնդիրը հետևյալն է' հասարակությունը և լրագրողները պետք է ունենան մասնակցություն կառավարման գործերին, հարկավոր է առաջնորդվել մասնակցային կառավարման սկզբունքով: Երկրների ճնշող մեծամասնությունում գործադիրի նիստերի դռնբաց կամ ուղիղ հեռարձակմամբ հնարավորություն նախատեսված չէ: Մեր ուսումնասիրությունները հիմնված են նաև միջազգային կազմակերպությունների գնահատականների վրա: Սակայն այդ նույն կազմակերպությունները պետություններին հորդորում են մշակել հատուկ ֆորմատներ: Օրինակ' Լատվիան պայմանագիր է կնքել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողական հանրույթի հետ և նրանցից յուրաքանչյուրի հետ յուրաքանչյուր նիստից առաջ կամ հետո նախատեսում են ճեպազրույցներ և քննարկումներ, որոնց նպատակն է կոմպենսացնել կոնկրետ քննարկման ընթացքում փակ լինելը»,- մանրամասնեց Արման Թաթոյանը: