Երևան քաղաքի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն անհարգալից է համարում առանց ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությանը տեղեկացնելու կառավարությունում աղբատար «ԿամԱԶ» մեքենաների ձեռք բերման քննարկում ունենալը:
Այս մասին Մանրիկյանը հայտնեց Երևանի ավագանու 2-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ: «Ձեր ղեկավարման առաջին օրը նշեցիք, որ բոլորս մեկ մարմին ենք և համատեղ ուժերով ենք կյանքի կոչելու բոլոր ծրագրերը: Ինչո՞ւ նախօրոք չէիք տեղեկացրել մնացած երկու ուժին, որ «ԿամԱԶ»-ների նախագիծը պետք է քննարկվեր կառավարությունում: Շատ անհարգալից վերաբերմունք էր Երևան քաղաքի ընդդիմադիր խմբակցությունների հանդեպ»,- նշեց Մանրիկյանը և հավելեց, որ դժվարության պահին են միայն հիշում և դիմում:
ԲՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով՝ քաղաքապետը և քաղաքապետարանի ստորաբաժանումները գործադիր մարմին են և պարտավոր են Երևանի ավագանու բոլոր խմբակցություններին տեղեկացնել բոլոր քայլերի մասին: «Ո՞վ է ասել, որ 24 «ԿամԱԶ» պետք է լինի, ոչ թե 15 կամ 30, համոզված եմ՝ չունեք մոնիթորինգ: Ասում եք՝ 900 մլն տրամադրենք, ունե՞ք ծրագիր... Եթե այո, ապա բերեք խմբակցություններում քննարկենք»,- ասաց Մանրիկյանը և քննարկում չիրականացնելու դեպքում բանավեճի հրավիրեց:
Արձագանքելով Միքայել Մանրիկյանի ելույթին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ վերջինս երևի ժամանակաշրջանը շփոթել է, հիմա նախընտրական շրջան չէ, որ բանավեճ կազմակերպվի: «Եթե Դուք նշեք օրենքի մի կետ, որ քաղաքապետարանը պարտավոր է բոլոր իր գործողությունների մասին հայտնել ավագանուն, ես Ձեզ հետ կհամաձայնեմ»,- նշեց քաղաքապետը: Անդրադառնալով «ԿամԱԶ» մեքենաների ձեռքբերման վերաբերյալ կառավարությունում տեղի ունեցած քննարկմանը` Հայկ Մարությանն ասաց, որ փետրվար ամսին հայտարարված էր մրցույթ: «Փետրվարից ամբողջ աշխարհը գիտի, որ 24 մեքենա մրցույթի է հանվել, որպեսզի գնում կատարենք, ինչի՞ մասին է խոսքը: Կառավարության նիստի ժամանա՞կ իմացաք այս մասին: Մենք ընդամենը խնդրեցինք կառավարությանը, որ այդ 24 հատ մեքենայից մի քանիսը շուտ բերենք»,- ասաց Մարությանը:
Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Զավեն Առաքելյանն էլ հայտնեց, որ ավագանու անդամների և Երևանի քաղաքապետի, ինչպես նաև քաղաքապետարանի ստորաբաժանումների հարաբերությունները հստակ կարգավորված են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով: