Երևանի քաղաքապետարանում հոկտեմբերի 29-ին մեկնարկած ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամներից մի քանիսը հրաժարվել են մանդատներից:
Քաղաքապետն ասաց, որ Երևան քաղաքի ավագանու անդամներ Սրբուհի Ղազարյանը, Տրդատ Սարգսյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Վահագն Հովակիմյանը և Վիկտոր Մնացականյանը ներկայացրել են դիմումներ ավագանու անդամությունից հրաժարվելու մասին:
«Վաղաժամկետ լիազորությունները դադարեցրած ավագանու անդամների մանդատները փոխանցվել են «Իմ Քայլը» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուներին' Արմեն Գալաջյանին, Արփենիկ Մարությանին, Վահե Գևորգյանին, Գրիգոր Երիցյանին և Մարատ Թոխյանին»,-ասաց Մարությանը:
Երևանի ավագանու արտահերթ նիստին մասնակցում է ավագանու 54 անդամ: Օրակարգում ընդգրկված է վեց հարց: