Եվրամիության անդամ երկրների ներկայացուցիչները պատրաստվում են բոյկոտել Բուդապեշտում կայանալիք արտաքին հարաբերությունների գագաթնաժողովը, հայտնում է Politico-ն։
Հունգարիան, որը նախագահում է ԵՄ Խորհրդում մինչև 2024 թվականի վերջը, մտադիր է օգոստոսի 28-29-ը հյուրընկալել Եվրոպայի ԱԳ նախարարների հանդիպումը։ Politico-ն նշում է, որ գագաթնաժողովը դիտվում է՝ որպես հնարավորություն Վիկտոր Օրբանի կառավարության համար՝ ձևավորելու ԵՄ արտաքին քաղաքական օրակարգը:
Պարբերականը Հունգարիայի գագաթնաժողովը բաց թողնելու ԵՄ ԱԳ նախարարների որոշումը կապում է այն փաստի հետ, որ Օրբանը նախկինում խոչընդոտել է Ուկրաինային եվրոպական օգնությունը, ինչպես նաև այցելել է Ռուսաստան և Չինաստան, որոնք համաձայնեցված չեն եղել ԵՄ մյուս անդամների հետ։ Ինքը՝ Օրբանը, այս ուղևորություններն անվանել է «խաղաղության առաքելություն»։
Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ բոյկոտելով Բուդապեշտի հանդիպումը՝ եվրոպացի նախարարները ցանկանում են «հստակ ազդանշան ուղարկել, որ Հունգարիան չի խոսում ԵՄ անունից»։
Բոյկոտի ծրագիրը, ըստ Politico-ի, արդեն ոչ պաշտոնապես քննարկվել է ԵՄ մի քանի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։ Հուլիսի 17-ին Բորելի թիմը այն կներկայացնի Եվրամիության բոլոր 27 մշտական ներկայացուցիչներին։