ԵՄ-ն համաձայնության չի եկել Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստի շուրջ, քանի որ Հունգարիան և մի շարք այլ երկրներ ներկայացրել են իրենց առաջարկները, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել իր անունից, ասել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի գործողությունները դատապարտող ԵՄ համատեղ հռչակագիրը արգելափակվել է Բուդապեշտի կողմից։
«Երեկ մի քանի կեղծ լուրեր շրջանառվեցին՝ կապված Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ԵՄ հայտարարության հետ, ճշմարտությունն այն է, որ Հունգարիան և մի շարք այլ անդամ երկրներ մեկնաբանություններ և առաջարկություններ արեցին համատեղ հայտարարության վերաբերյալ, սակայն չհաջողվեց կոնսենսուս ձեռք բերվել, ուստի ԵՄ բարձր ներկայացուցիչը հայտարարություն է հրապարակել իր անունից»,- գրել է Սիյարտոն Facebook-ում։
Նա ասել է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպում է անցկացրել, որի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը «մանրամասն խոսել է Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին»։
«Այստեղ Հունգարիայի դիրքորոշումը նույնպես հստակ է՝ պատերազմի փոխարեն խաղաղություն է պետք, երկար տարիներ և տասնամյակներ անց եկել է ժամանակը վերջ դնելու Ղարաբաղի ժողովրդի տառապանքներին, միակողմանի հայտարարությունները դրան չեն օգնում, բայց ՄԱԿ-ը տալիս է դրանք անձամբ քննարկելու հիանալի հնարավորություն»,- գրել է Սիյարտոն: