Պետական համակարգում աղմկահարույց պարգևատրումները շարունակվում են: Միայն դեկտեմբեր ամսին ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 250 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևավճար, իսկ ընդհանուր առմամբ՝ 2020թ. ՀՀ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է 1.350.819.4 հազ դրամի չափով (ներառյալ հարկերը) պարգևավճար՝ ՀՀ պետական բյուջեով հատկացված «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածով և 47.423.8 հազ. «Քաղաքացիական, դատական և պետական ծառայողների պարգևատրում» տնտեսագիտական դասակարգման հոդվածով։ Այսինքն՝ 2020թ ՔԿ աշխատակիցներին հատկացվել է շուրջ 2 մլն 663 հազար 320 ԱՄՆ դոլարին համարժեք պարգեւավճար։
եթե վերհիշենք նախորդ տարին, ապա պարզ է դառնում, որ քննչական կոմիտեն վստահաբար աչքի չի ընկել այն աստիճան, որպեսզի կառույցի աշխատակիցները և ղեկավար կազմը միլիոնավոր դոլարների պարգևավճարներ ստանային: Հանրությունը այդպես էլ ականատես չեղավ ցնցող բացահայտումների կամ աղմկահարույց քրեական գործերի: Հետևաբար պարգևավճարի գլխավոր մոտիվացիան պետք է փնտրել ոչ թե կոմիտեի աշխատակիցների տքնաջան աշխատանքի, այլ լրիվ այլ հարթության մեջ:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է՝ ով է այսօր իր միակ և գլխավոր հենարանը. դա ուժային կառույցներն են և այդ կառույցների աշխատակիցները, որոնք պետք է կատարեն իր ապօրինի հրամանները: Այդ իսկ պատճառով, ուժայինների լոյալությունը պահպանելու համար Փաշինյանը բյուջեից գումար չի խնայել և չի խնայելու: Հիշենք նաև վարչապետի ամանօրյա շնորհավորանքը, որը գլխավորապես ուղղված էր ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներին: ՀՀ ոչ մի ղեկավար իր տոնական ուղերձում ուժայինների գործոնը այդպես չէր ակցենտավորել, Փաշինյանը այս առումով էլ է աննախադեպ: Սակայն, հարց է՝ իսկ ունի՞ վարչապետը այլընտրանք, երբ բաղձալի իշխանության պահպանման միակ գրավականը ուժային կառույցների լոյալությունն է...