Արցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կատարված թեստավորումների արդյունքում՝ հունվարի 15-ի դրությամբ բացահայտվել է կորոնավիրուսի օջախ:
«Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք՝ Նորագյուղ և Հովսեփավան համայնքների բնակիչների մոտ: Նշված համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:
ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել համայնքների հաստատված օջախներում, այդ թվում ուսումնական հաստատություններում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:
Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2174 դեպք, որոնցից 31-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Կատարվել է 18 հազար 184 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել մասնագետների ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: