Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության փոխնախարար նշանակեց Սուրեն Սահակյանին: Նորանշանակ փոխնախարարը ՊՆ Վաղարշակ Հարությունյանի ազգականն է:
Սուրեն Սահակյանը 1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է: Աշխատել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական ասոցիացիայում, բարձրագույն կրթության նախարարության բաժնի վարիչի պաշտոնում:
Սուրեն Սահակյանը քաղաքականության մեջ է հայտնվել 90-ականների սկզբին։
1991 թվականին նշանակվել է Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարար:
1991-1992 թվականներին և 1993-ին եղել է Հայաստանի հարկային պետական տեսչության պետ:
1995-1999 թվականներին ԱՊՀ միջպետական տնտեսական կոմիտեի կոլեգիայում եղել է ՀՀ լիազոր ներկայացուցիչ, իսկ 1999-2002-ին՝ Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2002-2005 թվականներին եղել է «RD կառավարման ծառայություն» ընկերության գլխավոր տնօրեն, 2005-2007-ին՝ «Եվրազետ» ընկերության գլխավոր տնօրեն:
2008-2011 թվականներին զբաղեցրել է «Monarch» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2011-2018 թվականներին աշխատել է «ՎՏԲ» բանկում:
Լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ դեսպան լինելու տարիներին Սահակյանը ՌԴ իրավապահների կողմից «բռնվել է» մաքսանենգ ապրանք տեղափոխելիս, սակայն իշխանությունները բավարարվել են միայն նրա՝ պաշտոնանկությամբ և դիվանագիտական համակարգից հեռացմամբ:
Նորանշանակ փոխնախարարը տարիներ շարունակ բնակվել է ՌԴ-ում: