Ազգությամբ արաբ, Սիրիայի քաղաքացիներ Մուհռռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին Արցախի պատերազմից հետո Հայաստանում են, նրանց կալանավորման ժամկետը երկարացվել է երկու ամսով, հայտնել են Քննչական կոմիտեից՝ «Հետքի» հարցմանն ի պատասխան։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում 2 սիրիացին մեղադրվում են վարձկանության, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու մեջ։
Քրգործի շրջանակում հետախուզվում են Սիրիայի ևս երեք քաղաքացի։ Մուհռռաբ ալ-Շխերիի և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիի պաշտպան Էդուարդ Աղաջանյանն էլ նշել է, որ իր պաշտպանյալների կալանավորման ժամկետները երկարացվել են 2020 թվականի դեկտեմբերի վերջին, և ինքն առաջին ատյանի դատարանների որոշումների դեմ բողոքներ է ներկայացրել Վերաքննիչ։
Աղաջանյանը նշել է, որ իր պաշտպանյալները որևէ դժգոհություն չեն հայտնել իրենց նկատմամբ վերաբերմունքի կամ այլ հանգամանքների մասին։
Սիրիացիները դիմում են գրել ու խնդրել կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ նիստերն անցկացնել իրենց բացակայությամբ։
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ադրբեջանական կողմից կռվում էին նաև սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ։ Այդ մասին փաստերը բազմաթիվ են, վարձկան-ահաբեկիչների թեմային անդրադարձել են ինչպես հեղինակավոր լրատվամիջոցներն, այնպես էլ պաշտանատար անձինք։