Գերեվարված մեր եղբայրների հարազատների ձայնը ինձ լսելի է՝ ինչ են նրանք ասում՝ ես գիտեմ, ինչ են նրանք մտածում՝ ես գիտեմ, ում ինչում են մեղադրում՝ ես գիտեմ: Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Վարդևան Գրիգորյանի հարցին:
Նա նշեց, որ այդ հարցը Կառավարության օրակարգում է, քանի դեռ չի լուծվել: «Դա նշանակում է, որ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցը լուծելու ուղղությամբ: Մեր համոզմունքն է նաև այն, որ այս թեմայի շուրջ հրապարակային քննարկումները օգուտ չեն բերում, բերում են վնասներ»,- ընդգծեց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետում հստակ գրված է, որ գերիները և պատանդները պետք է վերադարձվեն, և իրենք, ըստ Փաշինյանի, հետևողական են լինելու այդ պայմանի իրագործման հարցում:
Վարչապետը հիշեցրեց, որ հայտարարությունը եռակողմ է, և ՌԴ-ն, որպես հայտարարության կողմ, լիարժեք պաշտպանում է հայկական կողմի դիրքորոշումը: