Ինչպես գիտենք, փետրվարի 1-ին Կարսում մեկնարկելու են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, որոնք շարունակվելու են մինչև փետրվարի 12-ը։ Դրանցում ներգավված կլինեն տանկային միավորումներ, հրետանային զորամասեր, դիպուկահարների ջոկատներ, հատուկ ծառայությունների աշխատակիցներ և ավիացիա։
Սպասվելիք զորավարժությունները մեծ խուճապ են առաջացրել հասարակության շրջանում: Խոսակցություններ են շրջանառվում, որ 2020 թվականին օգոստոսին տեղի ունեցած զորավարժությունները, որոնց հաջորդեց Արցախյան երկրորդ պատերազմը, կարող է կրկնվել: Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Սարո Սարոյանի հետ, որը չբացառեց նոր պատերազմի սկսելը. « Թուրք-ադրբեջանական ցանկացած զորավարժություն արդեն իսկ վտանգ է Հայաստանի համար: Ահռելի ծավալի զինտեխնիկայի, մարդուժի կուտակումները և պատերազմում թուրքական կողմի դրական ֆոնը, բացարձակ չի կանխորոշում պատերազմի ելքը մեր կողմից պարտության տեսքով: Եթե մենք այսօր իսկ պատրաստվենք պատերազմի, ապա այն այս անգամ պարտությամբ չի ավարտվի մեզ համար»,- նշեց քաղաքագետը:
Նա ներկայիս իշխանությանը անվանեց վարչախումբ, իշխանությունը վերագրելով ժողովրդին: Սարո Սարոյանը այն կարծիքին է, որ Արցախյան երկրորդ պատերազմում մենք պարտվեցինք վարչախմբի պատճառով. «Գործող վարչախումբը տգետների մի խումբ է, ինչում բոլորն արդեն համոզվել են: Պետական կառավարման բոլոր լծակները վերցրել են իրենց ձեռքում և թույլ չեն տալիս, որ կարող և ունակ մարդիկ գան՝ խնդիրները լուծելու: Տգիտությունը թույլ չի տալիս, որպեսզի այդ մարդիկ կարողանան էական առաջխաղացում ունենան ներկայումս ծառացած խնդիրների լուծման համտեքստում»,- ընդգծեց Սարո Սարոյանը:
Նա տգիտությանը զուգահեռ մատնանշեց նաև ներկայիս վարչախմբի դավաճան լինելը. «Վերջին ամիսների գործընթացները շատ մարդկանց ցույց են տալիս, որ բացի տգիտությունից, շատերի մոտ կա նաև այլ մոտիվ, և այդ մոտիվը մեկնաբանում են որպես դավաճանություն: Զուտ բարոյական հարթությունում բոլորս էլ համոզված ենք, որ այն, ինչ կատարվել է, իսկապես դավաճանություն է, բայց քրեաիրավական տեսանկյունից խնդիրը պարզաբանման, քննության կարիք ունի»,- պարզաբանեց քաղաքագետը:
Սարո Սարոյանը նաև այն կարծիքին է, որ չի կարելի բացառել նոր պատերազմի սկսվելը. « Եթե տեսնենք, թե՛ Մերձավոր Արևելքում և ընդհանրապես աշխարհում ինչեր են կատարվում՝ մեր աչքի առաջ պահելով Արցախյան երկրորդ պատերազմը, ոչ ոք այսօր չի բացառի, որ ևս մեկ պատերազմ կլինի. որքան անգետ պետք է մարդ լինի, որ բացառի նոր պատերազմի հավանականությունը»,- ընդգծեց նա:
Վերջինս նոր պատերազմ սկսելը ուղղակիորեն չկապեց Կարսում սպասվելիք թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ. «Իսկապես, մենք շատ ծանր վիճակում ենք գտնվում: Աշխարհը մտել է մի այնպիսի շրջափուլ, որտեղ խնդիրները ուժային կարգով են լուծվում: Ըստ էության՝ նոր աշխարհակարգի կառուցման գործընթաց է տեղի ունենում նախկին իրավական բոլոր գործիքները, որոնք եղել են, դարձել են ժամանակավրեպ»,- նշեց քաղաքագետը:
Նա այն համոզմունքն ունի, որ վայրկյան առաջ պետք է փոխվեն Հայաստանի և Արցախի ռազմակավարական ծրագրերը. « Քանի դեռ ռազմավարական ծրագրավորման գործում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, մենք օդում կախված ենք մնալու: Եթե Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, իսկապես, նորմալ ղեկավարություն լիներ, մեր հնարավորությունը շատ մեծ էր այդ պատերազմում հաղթելու»,- եզրափակեց Սարո Սարոյանը:
Զվարթ Պետրոսյան