Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել այսօր ԱԺ-ում հնչած որոշ հայտարարությունների առնչությամբ:
«2021 թվականի հունվարի 22-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված նիստում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների կողմից հնչեցված ելույթների և հարցադրումների առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է.
Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված հարցադրման ժամանակ, հղում կատարելով Հանձնաժողովին, ներկայացրել է տեղեկություններ՝ վերագրելով դրանք Հանձնաժողովին։ Մասնավորապես՝ «(․․․) ընդհուպ մինչև Կոռուպցիայի հանձնաժողովն արձանագրել է Ձեր վարկանիշի վրա բացասական իմաստով ազդեցություն թողնող որոշակի հետք»։
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ թեկնածուի վերաբերյալ ներկայացված բարեվարքության եզրակացության մեջ Հանձնաժողովի կողմից նման գնահատականներ արտացոլված չեն, և Ազգային Ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը չի արտացոլում ճշմարտությունը։
Հանձնաժողովը վերստին հիշեցնում է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի համաձայն Հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները հրապարակման ենթակա չեն և կոչ է անում բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե ստանում են այդ եզրակացությունները, խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ օրինականության սահմաններից դուրս եկող ցանկացած գործողությունից»,- ասված է հայտարարության մեջ։