Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին նա հայտնել է Թվիթերի իր էջում: «65 տարեկան լինելու առավելություններից մեկն այն է, որ ես կարող եմ պատվաստվել COVID-19֊ի դեմ: Այս շաբաթ ես ստացա իմ առաջին դոզան և ինձ հիանալի եմ զգում», - գրել է Գեյթսը: Նա նաև շնորհակալություն է հայտնել գիտնականներին, բժիշկներին և փորձարկման մասնակիցներին, ովքեր դա հնարավոր են դարձրել:

Ինչպես հայտնի է, Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, ղեկավարում են բարեգործական հիմնադրամ, որն իր հաշվին ունի 50 միլիարդ դոլար: Կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները ներառում են զարգացող երկրներում վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարը, ԱՄՆ-ում առողջապահության և կրթության ոլորտի ծրագրերը: Հիմնադրամի միջոցով հարյուր միլիոնավոր դոլարներ արդեն հատկացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ պատրաստելու և աղքատներին աջակցելու համար, որոնք առավել խոցելի են համաճարակի դեմ: